ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու եւ 46-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է առաջին եւ երկրորդ, այսպես կոչված, «տատանվող» նահանգներում՝ Հյուսիսային Կարոլինայում եւ Ջորջիայում։ Այս կանխատեսումները ներկայացնում են Associated Press-ը, The New York Times-ը, CNN-ը եւ Bloomberg-ը։
Թե՛ Հյուսիսային Կարոլինայում եւ թե՛ Ջորջիայում ընտրող հանձնաժողովների անդամների թիվը 16 է, ինչն արդեն նշանակում է, որ հանրապետական թեկնածուն կարող է ստանալ հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնից 246-ը։
Նշենք, որ մինչ այս Թրամփը մյուս նահանգներում արդեն կարողացել էր ստանալ ընտրող հանձնաժողովների ներկայացուցիչների ավելի քան 200 ձայն։
«Տատանվող» նահանգները յոթն են՝ Փենսիլվանիա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Նեւադա, Արիզոնա, Միչիգան եւ Վիսկոնսին։ Դրանցում, ի տարբերություն մյուսների, նախագահական ընտրապայքարի հաղթողին հնարավոր չէ միանգամից կանխորոշել։ Վերջին տվյալներով՝ Դոնալդ Թրամփը առաջատար է բոլոր այդ նահանգներում։
Նաեւ տեղեկություններ են ստացվել, որ Փենսիլվանիայում քվեաթերթիկների 90%-ի հաշվարկներից հետո Թրամփը 3,5 տոկոսային կետով առաջ է անցել դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսից։
Եթե հանրապետական թեկնածուն առաջատար դիրք զբաղեցնի Փենսիլվանիայում, ապա կրկին նախագահ դառնալու համար նրան միայն պետք է հաղթել «տատանվող» մյուս նահանգներից որեւէ մեկում (Նեւադա, Արիզոնա, Միչիգան կամ Վիսկոնսին):