Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ուկրաինական բանակի եւ վերջերս Ռուսաստան տեղափոխված հյուսիսկորեացի զինվորականների միջեւ առաջին մարտերն են ընթացել՝ նշելով, որ դրանք նախանշում են աշխարհում իրավիճակի ապակայունացման նոր փուլը։
«Հյուսիսային Կորեայի զինվորների հետ առաջին մարտերը անկայունության նոր էջ են բացում աշխարհում։ Մենք պետք է աշխարհի հետ միասին ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմի ընդլայնման, իրական էսկալացիայի ուղղությամբ ռուսական այս քայլը [․․․] դառնա պարտվողական՝ ե՛ւ նրա [Պուտինի], ե՛ւ Հյուսիսային Կորեայի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Երեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հարավկորեական KBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել էր Կուրսկի մարզում ուկրաինացի եւ հյուսիսկորեացի զինվորականների միջեւ տեղի ունեցած առաջին փոքր բախումների մասին լուրերը։
«Մենք բախումներ ենք արձանագրել հյուսիսկորեական ուժերի հետ, բայց կարծում ենք, որ մի քանի շաբաթից ավելի շատ ռազմական բախումներ տեղի կունենան, եւ այդ ժամանակ մենք համապատասխանաբար կվերլուծենք եւ կվերանայենք»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Հարավային Կորեայի հետախուզությունը դեռ հոկտեմբերի կեսերին հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն շուրջ 12 հազար զինվորականի է ուղարկել Ռուսաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը հյուսիսկորեացի զինվորներին ամսական երկու հազար դոլար կվճարի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ԿԺԴՀ զինվորականների տեղակայելու մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «երբեք չի կասկածել», որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը «լրջորեն է վերաբերվում» Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին։
Վերջերս էլ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հուին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկզբից հրահանգներ է տվել «հաստատուն եւ հզոր կերպով» աջակցել ռուսական բանակին։