Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին առաջնորդներն են, որ շնորհավորել են Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Առաջինը X-ի իր էջում շնորհավորել է Սալվադորի նախագահը, երբ դեռ ձայների հաշվարկներն ընթացքի մեջ էին։ «Թող Աստված օրհնի եւ առաջնորդի ձեզ»,- գրել է Բուկելեն։
Հաջորդը Հունգարիայի վարչապետ Օրբանն էր, որը գրել էր, որ նախագահական ընտրությունների արդյունքը ԱՄՆ քաղաքական պատմության մեջ ամենամեծ վերադարձն էր (comeback)։ «Շնորհավորում ենք նախագահ Դոնալդ Թրամփին հսկայական հաղթանակի կապակցությամբ։ Հաղթանակ, որը շատ կարեւոր է աշխարհի համար»,- գրել է Օրբանը:
Ավստրիայի կանցլեր Նեհամերը, իր գրառման մեջ շնորհավորելով Թրամփին, նշել էր, որ ԱՄՆ-ը Ավստրիայի կարեւոր ռազմավարական գործընկերն է։ «Մենք անհամբեր սպասում ենք մեր անդրատլանտյան հարաբերությունների հետագա ընդլայնմանը եւ ամրապնդմանը` գլոբալ մարտահրավերները համատեղ եւ հաջողությամբ լուծելու համար»,- ասվում է գրառման մեջ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհավորանքից հետո նշել է, որ ԱՄՆ-ի հետ կկարողանան դիմակայել բոլոր այն բարդ փորձություններին, որոնք սպասվում են։ «Սերբիան հավատարիմ է Միացյալ Նահանգների հետ համագործակցությանը հանուն կայունության, աճի եւ խաղաղության»,- գրել է Ալեքսանդր Վուչիչը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի էջում տեղադրած իր գրառման մեջ նշել է, որ պատրաստ է «հարգանքով եւ հավակնություններով» աշխատելու Թրամփի հետ, ինչպես դա արել են չորս տարի առաջ՝ ավելի շատ խաղաղության եւ բարգավաճման հասնելու համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ, շնորհավորելով իր ու կնոջ՝ Սարայի անունից, գրել է․ «Սպիտակ տուն Ձեր պատմական վերադարձը նշանավորում է նոր սկիզբ Ամերիկայի համար եւ Իսրայելի եւ Ամերիկայի միջեւ մեծ դաշինքին նվիրվածության հզոր հաստատումն է»:
Շնորհավորել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես հիշում եմ մեր հրաշալի հանդիպումը նախագահ Թրամփի հետ դեռեւս սեպտեմբերին, երբ մենք մանրամասն քննարկեցինք ուկրաինա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը, «հաղթական ծրագիրը» եւ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դադարեցնելու ուղիները։ Բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը «ուժի միջոցով դեպի խաղաղություն» մոտեցմանը՝ ողղված համաշխարհային գործերին: Հենց այս սկզբունքն է, որ գործնականում կարող է մոտեցնել Ուկրաինայում արդար խաղաղության հաստատմանը։ Հուսով եմ, որ մենք կարող ենք դա իրականացնել միասին»,- գրել է Զելենսկին X-ի իր էջում:
Ուկրաինայի նախագահը նաեւ հավելել է, որ անհամբեր սպասում է Թրամփին անձամբ շնորհավորելու եւ նրա հետ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները քննարկելու հնարավորությանը։
Թրամփը Ֆլորիդայում արդեն դիմել է իր կողմնակիցներին՝ հայտարարելով ընտրություններում իր հաղթանակի մասին եւ իրեն անվանելով ԱՄՆ 47-րդ նախագահ։