Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես տեղյակ չեմ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու նախագահի ծրագրերին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
«Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն ներգրավված է մեր պետության դեմ պատերազմում»,- հավելել է Պեսկովը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Թրամփը չի վիրավորվի, եթե Պուտինը չշնորհավորի նրան հաղթանակի կապակցությամբ, եւ թե արդյոք դա չի վատթարացնի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները՝ Պեսկովն ասել է. «Ավելի վատթարացնել հնարավոր չէ, հարաբերությունները պատմական ամենացածր կետում են։ Եվ հետո դա կախված կլինի ԱՄՆ հաջորդ ղեկավարությունից։ Նախագահ Պուտինը բազմիցս է կրկնել, որ բաց է կառուցողական երկխոսության համար՝ հիմնված արդարության, հավասարության եւ միմյանց մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամության վրա։ Եվ նախագահ Պուտինը պահպանում է այս վերաբերմունքը։ Նա մի քանի անգամ հաստատել է դա։ Այս պահին ԱՄՆ վարչակազմը տրամագծորեն հակառակ է տրամադրված։ Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»։
Խոսելով Թրամփի բազմիցս հնչեցրած այն խոստումների մասին, որ ընտրվելու դեպքում շուտափույթ կդադարեցնի Ուկրաինայում ընթացող պատերազմը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը «կարող է օգնել դադարեցնելու հակամարտությունը [Ուկրաինայում]», սակայն դա «չի կարելի անել մեկ գիշերվա ընթացքում»:
Միաժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի իրական մտադրությունների մասին կարելի է դատել ընտրված նախագահի երդմնակալությունից հետո։
«Հաղթանակից հետո, երբ պատրաստվում են մուտք գործելու օվալաձեւ գրասենյակ կամ արդեն մտնում են օվալաձեւ գրասենյակ, երբեմն հայտարարություններն այլ երանգ են ստանում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել։ Սակայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփն իրեն արդեն հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ։ Նա նշել է, որ ապահովել է Ընտրական հանձնաժողովների 315 ներկայացուցիչների աջակցությունը։ Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ընդամենը 270 ընտրական ձայն։