Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
«Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում տարած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների եւ հետաքրքրությունների վրա»,- ասվում է Փաշինյանի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Նշենք, որ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների թարմացվող տվյալներով՝ հանրապետական Դոնալդ Թրամփը նահանգների ընտրող հանձնաժողովների ներկայացուցիչներից ստացել է շուրջ 277, իսկ դեմոկրատ Քամալա Հարիսը՝ 223 ձայն։
Թրամփին շնորհավորել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ այլք։