Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել են Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Այժմ առավել քան երբեւէ անհրաժեշտ է Ուժեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 33 տարվա մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամը՝ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը աջակցելու, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու եւ մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար»,- X-ի իր էջում գրել է Զուրաբիշվիլին:
Վարչապետ Կոբախիձեն էլ իր գրառման մեջ Թրամփի հաղթանակը անվանել է «վճռական» եւ վստահություն հայտնել, որ նրա նոր վարչակազմը կնպաստի ամբողջ աշխարհում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը եւ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերաթարմացմանը։
Նշենք, որ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների թարմացվող տվյալներով՝ հանրապետական Դոնալդ Թրամփը նահանգների ընտրող հանձնաժողովների ներկայացուցիչներից ստացել է շուրջ 277, իսկ դեմոկրատ Քամալա Հարիսը՝ 223 ձայն։
Թրամփին շնորհավորել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ այլք։