Հայաստանում կայացավ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովը։
Միջոցառմանը մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի եւ Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթհին, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ տարբեր երկրներից։
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին երեխաների աշխատանքին եւ կրթությանը, կանանց տնտեսական իրավունքներին առնչվող հարցեր։
Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ Բին Թալալ բին Աբդուլազիզ ալ Սաուդն իր ելույթում նշեց՝ ցանկանում է տեսնել աշխարհ, որտեղ արժանապատիվ աշխատանքը ոչ թե առավելություն է, այլ հիմնարար իրավունք։
«Սոցիալական արդարության համար հարկավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կունենան արժանապատիվ աշխատանքի հասանելիություն եւ կներդնեն իրենց ավանդը համայնքների զարգացման մեջ։ Մեր հիմնադրամը թույլ է տալիս հեշտացնել տարբեր ռեսուրսների հասանելիությունը եւ ստեղծում է տնտեսական հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար»,- հավելեց Սաուդյան Արաբիայի արքայազնը, որը գլխավորում է Երեխաների զարգացման արաբական խորհուրդը, ղեկավարում բազմաթիվ հումանիտար նախագծեր։
Ըստ նրա՝ մանկական աշխատանքը դեռևս լուրջ խնդիր է, որի հետեւանքով երեխաները զրկված են կրթության իրավունքից, հետեւաբար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, որ երեխաները դուրս գան աղքատությունից և կրթվեն։
Սաուդյան Արաբիայի արքայազնը անդրադարձավ նաեւ աշխատանքի շուկային, որտեղ կանայք խնդիրների են բախվում, ուստի հարկավոր է կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։
«Մեր հիմնադրամում աշխատում ենք հինգ ուղղությամբ՝ երեխաների իրավունքների զարգացում, կանանց հզորացում, սոցիալական հասարակություն, բարձրագույն կրթություն եւ ֆինանսական ներառում։ Տարբեր նախաձեռնությունների միջոցով փորձում ենք գտնել կայուն լուծումներ։ Մեր հիմնադրամը տնտեսական հնարավորություններ է ստեղծում ամբողջ տարածաշրջանում»,- նշեց արքայազնը։
Ընդգծելով սոցիալական արդարության գաղափարի կարեւորությունը հասարակության արժանապատիվ կյանքի եւ հավասար հնարավորությունների ապահովման գործում՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշեց՝ ՀՀ Կառավարությունը 2018 թվականից ի վեր մեկնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են նաեւ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։
Նախարարը վստահեցրեց՝ գենդերային հավասարության, սոցիալական պաշտպանության, աջակցության, հանրային ծառայությունների հասանելիության, կանանց հավասար հնարավորությունների եւ իրավունքների երաշխավորման համատեքստում վավերացվել են մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ միջազգային իրավական ակտեր։ Նախարարը հույս հայտնեց, որ մյուս երկրների փորձն ու գիտելիքը կօգնեն նաեւ Հայաստանին լուծումներ գտնելու սոցիալական արդարության սկզբունքների իրականացման համար։
Սոցիալական արդարությունն ու մտահոգիչ վիճակագրությունը
Մեր երկրում կան երեխաներ, որոնք չեն կարողանում կրթություն ստանալու իրենց իրավունքն իրացնել։ Ըստ 2022 թվականին գրանցված պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետության շուրջ 229 բնակավայրում նախադպրոցական կրթական որեւէ ծառայություն դեռեւս չի մատուցվում: Մի շարք գյուղական եւ սահմանամերձ բնակավայրերում նախադպրոցական հաստատությունները կա՛մ բացակայում են, կա՛մ իրարից բավականին հեռու են, ինչն էլ անհնարին է դարձնում երեխաների ներգրավումը կրթության համակարգում։
Իսկ քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատությունների քանակը սահմանափակ է, որի հետեւանքով ստեղծվում են ընդունելության հերթեր։ Այս հանգամանքը եւս խոչընդոտում է նախադպրոցական կրթության հասանելիությունը։ 2022 թվականի տվյալներով՝ նախադպրոցական տարիքի երեխաները թիվը 236 հազար է, որոնցից նախադպրոցական հաստատություններ չհաճախող երեխաներինը՝ շուրջ 154 հազար, այդ թվում՝ գյուղական համայնքների երեխաներինը՝ շուրջ 62 հազար։
Երեխաների՝ դպրոց չհաճախելու հիմնական պատճառները հաշմանդամության վերաբերյալ հանրային կարծրատիպային ընկալումներն են, ծայրահեղ աղքատությունը, մանկական աշխատանքը, էթնիկ պատկանելությունը (երբեմն նաեւ սեռով պայմանավորված), փախստականի կարգավիճակը: Սովորողների ընդգրկվածության ցուցանիշը զգալիորեն ցածր է հատկապես միջնակարգ կրթության երրորդ աստիճանում՝ ավագ դպրոցում, որտեղ 2019 թվականին եղել է 59.5 %:
Հիմնական դպրոցն ավարտելուց հետո համապատասխան տարիքի բնակչության ընդամենը 14.9 %-ն է ուսումը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։
Դպրոցներում մարզադահլիճները, խաղահրապարակները ոչ բարվոք վիճակում են, չկա անհրաժեշտ մարզագույք։ Ուսումնասիրված 1319 դպրոցներից 73.7%-ի բակային մարզահրապարակը բարեկարգման կարիք է ունեցել։ Մարզադահլիճի, մարզագույքով համալրման խնդիրներ է ունեցել դպրոցների 60.5%-ը։
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի 2019 թվականի «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» հրապարակման ցուցանիշների համաձայն՝ աղքատների մեջ ամենամեծ խումբը միջնակարգ եւ ավելի ցածր կրթական մակարդակ ունեցողներն են՝ 60.5 %, իսկ միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ունեցողները՝ համապատասխանաբար 22.8 եւ 16.7 %: Բարձրագույն կրթությունը աղքատ եւ ծայրահեղ աղքատ խավերի համար շարունակում է լինել ոչ մատչելի:
Ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացրած 2023 թվականի տվյալների՝ Հայաստանի բնակչության 23.7 %-ը աղքատ է, ծայրահեղ աղքատ է 1.1 %-ը։ 2022 թվականի համեմատ՝ աղքատության մակարդակը կրճատվել է 1.1 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.1 տոկոսային կետով։
Ըստ գնահատման ցուցանիշների՝ աղքատ է այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցում 53 հազար 590 դրամը (ներառյալ սնունդն ու կենցաղային ապրանքները, կոմունալ վճարները, տրանսպորտային, բժշկական եւ այլ անհրաժեշտ ծախսերը)։ Իսկ ծայրահեղ աղքատների դեպքում ամսական սպառումը չի գերազանցել 29 հազար 786 դրամը։ Հայաստանի քաղաքային բնակավայրերում աղքատությունն ավելի ցածր է, քան գյուղերում։
Հայաստանում մանկական աղքատությունը 2023 թվականի տվյալներով 31.7 % է (այսինքն՝ նրանք ապրում են աղքատ ընտանիքներում)։ Մեր երկրում ապրող երեխաների 1.8%-ը ծայրահեղ աղքատ է։
Հայաստանում աշխատունակ բնակչության 11,6%-ը գործազուրկ է (2022 թվականի տվյալներով)։ Քաղաքացիների աշխատանքային իրավունքները պարբերաբար խախտվում են։ Աշխատողներին չգրանցելու դեպքերը տարեցտարի ավելանում են։
Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ 2021 թվականին 1163 հարկ վճարողի (գործատուի) մոտ հայտնաբերվել է շուրջ 2200 չգրանցված աշխատող, 2022-ին 1410 հարկ վճարողի մոտ՝ շուրջ 2326 չգրանցված աշխատող։
2024 թվականի հունվարին վարձու աշխատողին չձեւակերպելու դեպքեր գրանցվել են 92 հարկ վճարողի մոտ, փետրվարին՝ 77, մարտին՝ 70։
Կանանց նկատմամբ բռնությունների ցուցանիշերը եւս մտահոգիչ են։
Վիճակագրական այս տվյալները ցույց են տալիս՝ սոցիալական արդարության հասնելու համար Հայաստանը դեռ շատ անելիք ունի:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։