Պեկինի եւ Վաշինգտոնի ամուր, առողջ եւ կայուն հարաբերությունները բխում են Չինաստանի եւ Միացյալ Նահանգների շահերից։ Այս մասին ասվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոանական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական հեռագրի տեքստում։
«Չինաստան-ԱՄՆ ամուր, առողջ եւ կայուն հարաբերությունները համահունչ են երկու երկրների ընդհանուր շահերին եւ միջազգային հանրության ակնկալիքներին։ Հուսով ենք, որ երկու կողմերն էլ հավատարիմ կմնան փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության եւ շահեկան համագործակցության սկզբունքներին, կամրապնդեն երկխոսությունն ու հաղորդակցությունը, ճիշտ կկառավարեն տարաձայնությունները եւ կընդլայնեն փոխշահավետ համագործակցությունը»,- Չինաստանի առաջնորդի հաղորդագրության տեքստից մեջբերում է Xinhua գործակալությունը։
Սի Ցզինպինի խոսքերով՝ պատմությունը ցույց է տվել, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը շահում են համագործակցությունից, եւ պարտվում առճակատումից։ Չինաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը «նոր ժամանակաշրջանում կգտնեն փոխգործակցության ճիշտ ուղին, որը օգուտ կբերի երկու երկրներին եւ ամբողջ աշխարհին»։
Նշենք, որ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների թարմացվող տվյալներով՝ հանրապետական Դոնալդ Թրամփը նահանգների ընտրող հանձնաժողովների ներկայացուցիչներից ստացել է շուրջ 295, իսկ դեմոկրատ Քամալա Հարիսը՝ 270 ձայն։
Թրամփին շնորհավորել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը եւ այլք։