ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է AFP գործակալությունը։
Միեւնույն ժամանակ Օբաման, որն իր կնոջ՝ Միշելի հետ նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն աջակցում էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, ընդգծել է իշխանության խաղաղ փոխանցման կարեւորությունը։
«Ակնհայտ է, որ սա այն արդյունքը չէ, որի հույսն ունեինք: Բայց ժողովրդավարական երկրում ապրելը նաեւ նշանակում է ունակ լինել ընդունելու, որ մեր դիրքորոշումը միշտ չէ, որ հաղթելու է, եւ դա նաեւ նշանակում է պատրաստ լինել ընդունելու իշխանության խաղաղ փոխանցումը»,- նշել է նախկին նախագահը:
Բարաք Օբաման ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին եւ նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցին անվանել է «պետության երկու ոչ սովորական ծառաներ, որոնք հիանալի քարոզարշավ են անցկացրել»:
Չորեքշաբթի ավելի վաղ Քամալա Հարիսը զանգահարել էր հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել էր Թրամփի նախընտրական շտաբը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Քամալա Հարիսն այսօր առավոտյան հեռախոսազրույց են ունեցել, եւ Հարիսը շնորհավորել է Թրամփին պատմական հաղթանակի կապակցությամբ։ Նախագահ Թրամփը բարձր է գնահատել փոխնախագահ Հարիսի ուժը, պրոֆեսիոնալիզմը եւ ցուցաբերած համառությունը քարոզարշավի ընթացքում, եւ երկու առաջնորդներն էլ ընդունել են երկրում միասնության պահպանման կարեւորությունը»,- ասվում էր հաղորդագրության մեջ։