Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիններից մեկն է, որ շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, տեղեկացնում են DPA եւ Reuters գործակալությունը։
Ինքը՝ Զելենսկին, նոյեմբերի 7-ի գիշերն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ «հրաշալի հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հետ եւ շնորհավորել նրան պատմական եւ համոզիչ հաղթանակի կապակցությամբ»։
«Մենք պայմանավորվեցինք պահպանել սերտ երկխոսությունը եւ զարգացնել մեր համագործակցությունը: ԱՄՆ-ի ուժեղ եւ հաստատուն ղեկավարությունը կենսական նշանակություն ունի խաղաղության եւ արդար աշխարհի համար»,- ասվում է գրառման մեջ:
Բացի այդ՝ Զելենսկին նաեւ առաջին ղեկավարներից մեկն էր, որ նոյեմբերի 6-ին շնորհավորել էր Դոնալդ Թրամփին նախագահ ընտրվելու կապակցությամբ։
«Ես հիշում եմ մեր հրաշալի հանդիպումը նախագահ Թրամփի հետ դեռեւս սեպտեմբերին, երբ մենք մանրամասն քննարկեցինք ուկրաինա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը, «հաղթական ծրագիրը» եւ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դադարեցնելու ուղիները։ Բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը «ուժի միջոցով դեպի խաղաղություն» մոտեցմանը՝ ողղված համաշխարհային գործերին: Հենց այս սկզբունքն է, որ գործնականում կարող է մոտեցնել Ուկրաինայում արդար խաղաղության հաստատմանը։ Հուսով եմ, որ մենք կարող ենք դա իրականացնել միասին»,- գրել է Զելենսկին X-ի իր էջում:
Ուկրաինայի նախագահը նաեւ հավելել է, որ անհամբեր սպասում է Թրամփին անձամբ շնորհավորելու եւ նրա հետ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները քննարկելու հնարավորությանը։
Միեւնույն ժամանակ, Financial Times-ը գրում է, որ ուկրաինացի մի քանի զինվորականներ եւ խորհրդականներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, պատմել են, որ Ուկրաինայի զինված ուժերում շատերը մտավախություն ունեն, որ Թրամփի ժամանումով Վաշինգտոնը կդադարեցնի ռազմական օգնությունը, եւ Կիեւը «առնվազն» կկորցնի Դոնբասը։