ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի թիմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմն ավարտելու առաջարկներ է արդեն պատրաստել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ առաջարկը ներառում է առնվազն 20 տարով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարում։
Թրամփի թիմն առաջարկում է նաեւ սառեցնել ճակատային գիծը՝ ստեղծելով ապառազմականացված գոտի։ Միեւնույն ժամանակ, ո՛չ ամերիկյան զորքերը, ո՛չ ՄԱԿ-ի կոնտինգենտները կամ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ցանկացած այլ կազմակերպություն պատասխանատվություն չեն կրելու Ուկրաինայի անվտանգության ապահովման համար։
Ինչպես ընդգծել է Թրամփի թիմակից WSJ-ի աղբյուրը, Միացյալ Նահանգները կարող է վճարել ռազմական պատրաստության կամ այլ աջակցության ցուցաբերման համար, բայց «Ուկրաինայում խաղաղությունը պահպանելու համար ամերիկացի տղամարդկանց եւ կանանց այնտեղ չի ուղարկի»:
«Եվ մենք դրա համար չենք վճարի։ Կստիպենք դա անել լեհերին, գերմանացիներին, բրիտանացիներին եւ ֆրանսիացիներին»,- ասել է պարբերականի աղբյուրը:
Միեւնույն ժամանակ ենթադրվում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ռուսական հետագա ագրեսիան զսպելու համար։
Ավելի վաղ, հիշեցնում է հրատարակությունը, Թրամփի խորհրդականները խոսել են խաղաղության ծրագրի մասին, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է Ուկրաինային ռազմական օգնության դադարեցում, որպեսզի Կիեւը համաձայնի խաղաղ բանակցություններին։
Արդյոք Թրամփը, ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը, կօգտագործի այս ծրագրերից որեւէ մեկն ամբողջությամբ կամ մասամբ՝ հայտնի չէ, ընդգծում է պարբերականը։
Ստեղծված իրավիճակում, գրում է WSJ-ը, բանակցությունների պատրաստակամություն չեն ցուցաբերում ո՛չ Ռուսաստանը, որի զորքերը առաջ են շարժվում ճակատում, ո՛չ էլ Ուկրաինան, որը պատրաստ չէ զիջելու իր տարածքները։
ԱՄՆ-ը Ուկրաինայի ամենամեծ դաշնակիցն է օգնության ծավալների առումով։ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բազմիցս է հայտարարել Ուկրաինային իր անսասան աջակցության մասին եւ ընդգծել, որ ցանկացած խաղաղ բանակցություն անհնար է առանց Կիեւի մասնակցության։
Թրամփի ընտրություններում հաղթանակից հետո, գրում է Financial Times-ը, շատ ուկրաինացի զինվորականներ մտավախություն են հայտնել, որ ԱՄՆ նոր նախագահի՝ Սպիտակ տուն գալով ռազմական օգնությունը Կիեւին կդադարեցվի, եւ Ուկրաինան «առնվազն» կկորցնի Դոնբասը։