2023 թվականի աշնանը, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3000-ից ավելի արցախցիներ բնակություն հաստատեցին Շիրակի մարզում, մեր անօթևան դարձած հայրենակիցներին ճիշտ ժամանակին աջակցության ձեռք մեկնեց «Ֆրանսիական լույս» ասոցիացիան:
Ասոցիացիան հիմնադրվել է Ֆրանսիայում 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին: Բարեգործական հիմնադրամի կենտրոնը Ֆրանսիայի քաղաքներից մեկում՝ Ալֆորվիլում էր տեղակայված:
Բազմաթիվ ֆրանսիացիների եւ ֆրանսահայերի հանգանակությունների շնորհիվ նախ Լեռնային Ղարաբաղում, ապա Հայաստանում բուժծառայություն էր մատուցվում թե՛ զինվորներին, թե՛ բնակիչներին: Պատերազմից հետո գործունեությունն ուղղեցին վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը:
2023 թվականին, երբ հարյուրհազարավոր արցախցիներ բռնի տեղահանվեցին, ասոցիացիան փոխեց գործունեության ուղղությունը՝ դառնալով սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող կառույց: Նրանք Հայաստանում կենտրոնացան Գյումրիում:
Թե ինչու հենց Գյումրիում, «Ֆրանսիական լույս» ասոցացիայի նախագահ Լեւոն Խաչատրյանն ասում է՝ գաղտնիք բացահայտած չի լինի, որ Շիրակի մարզը տարիներ շարունակ աղքատության, գործազրկության, անօթեւանության բարձր ցուցանիշով Հայաստանում առաջին տեղում է: Որպեսզի առանց այն էլ հոգսի տակ կքած Գյումրին կարողանար կարիքի մեջ գտնվող 3000 արցախցի հայրենակիցներին ընդունել եւ աջակցել, «Ֆրանսիական լույսը» բազմակողմանի գործունեությունը սկսել է ծավալել հենց այստեղ:
Տեղահանումից օրեր անց ասոցիացիան, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի եւ «Խաչմերուկ» հիմնադրամի հետ համագործակցելով, Գյումրիում արցախցիների համար բարեգործական ճաշարան հիմնեց, որն անվանեցին ֆրանսիական «Լույսի ընթրիքներ»: Նախաձեռնության շնորհիվ բազմաթիվ շահառուներ ամիսներ շարունակ տաք ճաշ ունենալու համար մտահոգվելու կարիք չունեին: Բարեգործությունը միայն սննդով չսահմանափակվեց, ճաշելու եկած արցախցիներին տրամադրվում էր նաեւ հոգեբանական եւ սոցիալական աջակցություն:
Այնուհետեւ Գյումրիում սկսեց գործել «Ֆրանսիական լույսի» հայ-ֆրանսիական հոգեբանական եւ սոցիալական աջակցության կենտրոնը, որտեղ անցկացվում են մարզական, մշակութային, ուսուցողական, կրթադաստիարակչական պարապմունքներ, հմտություն ձեռք բերած անձինք էլ հնարավորություն են ստանում մտնելու աշխատաշուկա ավելի մրցունակ գիտելիքներ ձեռք բերած:
«Ֆրանսիական լույսի» հետքերով օրերս Գյումրի էր այցելել ֆրանսիական շուրջ երեսունհոգանոց պատվիրակություն, նրանց կազմում էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին, փոխքաղաքապետ Ջուլիեն Բուդին, «Ֆրանսիական լույսի» նախագահ Լեւոն Խաչատրյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
«Գյումրու երկխոսությունների մեդիա կենտրոնում» հյուրերն անդրադարձել են հայ-ֆրանսիական ամուր հարաբերություններին, նորանոր համատեղ ծրագրերին:
Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին ասում է՝ երբ տեսել են, թե իրենց աջակցության կարիքը որքան շատ էր Գյումրիում, որոշել են Ֆրանսիա վերադառնալուն պես նոր թափով աջակցել ծրագրին: Քաղաքի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ Ալֆորվիլում 45 հազար բնակչից շուրջ 8 հազարը հայեր են, նրանց դերակատարումն ու ներդրումն էլ քաղաքի զարգացման գործում ամեն բնագավառում նշանակալի է: Նա տեղեկացրեց նաեւ, որ քաղաքապետի երեք տեղակալները եւ երկու խորհրդականները հայեր են:
Կարվունասին իրականացվելիք ծրագրերից մի քանիսն առանձնացրեց. Գյումրիում ֆրանսերենի ուսուցման կենտրոն կունենան, որտեղ տեղի մասնագետներից բացի կդասավանդեն նաեւ ֆրանսիացի ուսուցիչներ: Իսկ Գյումրիում գործող հայ-ֆրանսիական սոցիալ-հոգեբանական կենտրոնն էլ կընդլայնվի թե՛ տարածքով, թե՛ գործունեության մասշտաբներով: Ըստ նրա՝ ծրագրերը բազմաթիվ են, միայն թե նախօրոք խոսել չեն ուզում. «Լույսը կերեւա «Լույսի» գործունեությունից հետո»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։