Իրանը կողմ է միայն Հայաստանի տարածքային ամբողջականության հիման վրա հաղորդակցությունների բացմանը: Այս մասին Կապանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը:
«Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ՝ մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»,- նշել է դիվանագետը։
Սոբհանին նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը 700 միլիոն դոլար է, իսկ երկու երկրների ղեկավարներն արդեն 3 միլիարդ դոլարի հասցնելու շեմ են սահմանել:
«Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք: Հետեւաբար շինարարական աշխատանքները կնպաստեն հասնելու այդ նպատակին: Երբ ավարտին հասնի Ագարակից Քաջարան 32-կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցումը, երթեւեկության 1 ժամ 20 րոպե ժամանակահատվածը կկրճատվի՝ հասնելով 20 րոպեի: Կփոխվի նաեւ ճանապարհի լայնությունը՝ 6 մետրից դառնալով 18 մետր»,- ասել է դիվանագետը եւ հավելել, որ հաջորդիվ ուշադրություն կդարձվի Քաջարանի թունելի եւ Քաջարան-Սիսիան 62-կիլոմետրանոց ճանապարհահատվածի վրա:
Իրանի դեսպանը նաեւ նշել է, որ Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, եւ պետք է կառուցել նորը, որպեսզի հնարավոր լինի մեծացնել բեռնատարների թողունակությունը: