Աշխատանքային այցով Հայաստանում է ՆԱՏՕ—ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-6-ը, պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—մայոր Արթուր Երոյանի եւ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին առնչվող հարցեր:
Հայկական կողմը հյուրերին ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը:
Հայաստան այցի շրջանակում փոխծովակալ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա եւ խաղաղապահ ուժերի բրիգադ: