Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպան այլեւս չպետք է մնա համաշխարհային «խոտակերի» դերում՝ հատկապես ԱՄՆ նախագահի պաշտոնում Դնոալդ Թրամփի վերընտրվելուց հետո։
«Եվրոպան պետք է դառնա ամենակեր»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Politico պարբերականը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մակրոնի նման մեկնաբանությունները հնչում են Դոնալդ Թրամփի հաղթանակից մեկ օր անց, երբ սկսել էին կրկին հարցեր առաջանալ, թե արդյոք նորընտիր նախագահը չի պատրաստվում նվազեցնելու ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի մասնակցությունը, ինչն էլ կարող է Եվրոպային ստիպել կտրուկ ավելացնել պաշտպանական ծախսերը։
«Իմ դատողությունը պարզ է։ Աշխարհը բաղկացած է խոտակերներից եւ գիշատիչներից։ Եթե մենք որոշենք մնալ խոտակեր, ապա կհաղթեն գիշատիչները, եւ մենք նրանց համար կվերածվենք առեւտրի հարթակի»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը մշտապես է աչքի ընկել Չինաստանից եւ ԱՄՆ-ից եվրոպական երկրների կախվածության նվազեցման հայացքներով։ Մակրոնի այս տեսակետները վերաբերում են բոլոր ոլորտներին՝ պաշտպանությունից եւ անվտանգությունից մինչեւ բարձր տեխնոլոգիաներ, գրում է Politico։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ եվրոպական երկրներն առնվազն պետք է դառնան «ամենակեր»։ «Ես չեմ ցանկանում ագրեսիվ լինել, բայց մենք գիտենք, թե ինչպես պաշտպանվել այս բոլոր հարցերում»,- ասել է Մակրոնը։
Պարբերականի անանուն զրուցակիցներից մեկն էլ, որ Բուդապեշտում գտնվող դիվանագետներից է, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի գնահատականներին, նշել է, որ Թրամփի վերընտրվելը կարող է նոր իմաստ հաղորդել Մակրոնի գաղափարներին՝ Եվրամիության համար ավելի մեծ անկախության հասնելու համար, հատկապես առեւտրի եւ անվտանգության ոլորտներում: