ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրություններում հաղթելուց հետո դեռ չի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների հնարավորությունը։
Նրա խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո ինքը խոսել է աշխարհի «հավանաբար» 70 առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Թրամփը չի հայտնել իր զրույցներից մանրամասներ։
Հիշեցնենք, որ Պուտինը ԱՄՆ ընտրությունների արդյունքներն առաջին անգամ մեկնաբանել եւ Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նոյեմբերի 7-ին՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպման ժամանակ։ Նա նաեւ նշել է, որ դեմ չէ Թրամփի հետ շփվելուն եւ «ամոթ չի համարում նրան զանգահարելը»։
Ինչ վերաբերում է Զելենսկուն, ապա նա առաջիններից էր, որ շնորհավորեց Թրամփին հաղթանակի կապակցությամբ, իսկ նոյեմբերի 7-ին էլ հայտնեց, որ հիանալի հեռախոսազրույց է ունեցել նորընտիր նախագահի հետ։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը հաղթանակից անմիջապես հետո։ Հանրապետականի ընտրվելու հաջորդ օրը The Wall Street Journal-ը հայտնել է, որ նրա թիմը նոր առաջարկ է պատրաստել այդ հակամարտությա կարգավորման վերաբերյալ։ Այն, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է ռազմաճակատի գծի սառեցում եւ առնվազն 20 տարով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետաձգում։