Երեւանում կայացավ «Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը»՝ ArmIGF2024-ը, որն այս տարի անցկացվեց «Կիբեռիրականություն եւ անվտանգ թվային ապագա» խորագրի ներքո։ Համաժողովը կազմակերպել էր «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով» միջգերատեսչական խումբը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։
Համաժողովին մասնակցում էին միջազգային հինգ կազմակերպությունների եւ յոթ երկրների (Սերբիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Վրաստանի, Ուզբեկստանի) ներկայացուցիչներ՝ համատեղ քննարկելով ինտերնետի կառավարմանն առնչվող բազմաթիվ հարցեր ու խնդիրներ։
Ներկա էին նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերը, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, «Ինտերնետ հասարակություն» ՀԿ համայնքի ներգրավվածության համակարգող Նիք Հիրկան, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ այլք։
Այս տարի համաժողովը կենտրոնացել էր թվային գրագիտության զարգացման, նոր սերնդի տնտեսության եւ ենթակառուցվածքների ձեւավորման եւ հասարակական ու կառավարման համակարգերի անհրաժեշտ բարեփոխումների վրա։
Միջոցառման ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը նշեց՝ Հայաստանը կարեւորում է թվայնացման գործընթացը, թվային լուծումներ նախագծելիս կիբեռանվտանգ միջավայրի ապահովումը, արհեստական բանականության գործիքների եւ ինտերնետի ազատ եւ արժեքահեն կառավարումը։
«Թվային զարգացման այս փուլում «Ինտերնետ հանրություն»-ը եւ Հայաստանի «.am» դոմեյնը նշում են իրենց 30-րդ տարեդարձը, ուրախությամբ արձանագրում ենք մի շարք ձեռքբերումներ, որոնք լայն հանրությանը կրթվելու, տնտեսական աճի եւ բարօրության հասնելու հնարավորություն են տվել։ Ժամանակն է նախանշելու հաջորդ տասնամյակների անելիքները»,- նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն ընդգծեց՝ քննարկման թեման շատ կարեւոր է, քանի որ այսօր ինտերնետը շատ կարեւոր մի ուժ է, որը փոխում է ամբողջ աշխարհը:
«Թվային տեխնոլոգիաներն առավել շատ են սկսել մտնել մեր կյանքի բոլոր ոլորտներ, ուստի մենք պետք է ապահովենք դրա թափանցիկությունն ու անվտանգությունը: Հայաստանը շատ արագ զարգացող թվային ոլորտ ունի: Ներկա լինելով «Դիջիթեք Էքսպո»-ին՝ տեսանք, թե թվային ոլորտը ինչքան կարեւոր է Հայաստանի համար: Այս բոլոր հաջողությունները պետք է հիմնված լինեն նաեւ անվտանգության, ապահովության եւ թափանցիկության վրա: Այս համաժողովն այս մեծ շարժման մի մասն է»,- նշեց դեսպանը:
Անդրադառնալով ոլորտում անձնական տվյալների պաշտպանության խնդիրներին՝ Հայաստանում Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ, ArmSec հիմնադրամի տնօրեն, CyberHUB-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ անձնական տվյալների պաշտպանության հարցը կոնցեպտուալ է՝ կախված այն հանգամանքից, թե տվյալ պետությունը մարդու իրավունքների հետ կապված՝ ինչ վեկտոր է ընտրել։
«Այս խնդրի հետ կապված՝ տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ ունեն։ Օրինակ՝ Վատիկանի ու Հայաստանի ազգային անվտանգության կոնցեպցիաները, կարծում եմ, շատ տարբեր են։ Խոսելով այս թեմայի մասին՝ ես հիշեցի տեսախցիկների մասին։ Մեր հասարակությունը պասիվ է։ Ոստիկանությունը պլանավորել է մարդկանց հետեւել, եւ մարդիկ տեղյակ չեն դրան»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ դեռ 2024 թվականի հունիսի սկզբին ներքին գործերի նախարարությունը խորհրդարան էր ուղարկել «Ոստիկանության մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթ, որն առանց հանրային քննարկումների ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցումը Ազգային ժողովի առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկված չէ: Առայժմ պարզ չէ, թե երբ խորհրդարանն այս վիճահարույց նախագծի մասին քննարկում կանցկացնի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Օրենքի ընդունումից հետո 50 քմ-ից մեծ սննդի կետերի, դեղատների, խանութների, ռեստորանների, հյուրանոցների ու բիզնեսի այլ տեսակների կառույցների տնօրինողները կպարտավորվեն շինության մուտքի մոտ եւ մյուս կողմերում տեղադրել տեսախցիկներ, իսկ նկարահանածը տրամադրել ոստիկանությանը։
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ անձնական տվյալների պաշտպանության խնդիրները նոր ընդունվող իրավական ակտերում բազմաթիվ են։ Դրանցում անդրադարձ է կատարվում միջազգային պրակտիկային, որպես դրական օրինակներ է ներկայացվում Չինաստանի, Սինգապուրի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձը։ Փորձագետի կարծիքով՝ ավելի պոստմոդեռնիստական մոտեցում հնարավոր չէր պատկերացնել, քանի որ այս երկրների մոտեցումները, անձնական տվյալների հետ կապված, տարբեր են հայաստանյան իրականությունից։
«Իմ մեջ մութ կասկածներ են առաջանում, սկսում եմ ենթադրել, որ օրենսդիրներն ու Կառավարությունն այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե մենք ո՛ր իրականության մեջ ենք պլանավորում ապրել։ Նախ պետք է ուրվագծել՝ ինչ տվյալներ ենք նախատեսում պաշտպանել, եւ որքանով է կարեւոր դա։ Ու այս ամենը պետք է բալանսավորվի ազգային անվտանգության հետ»,- մանրամասնեց Սամվել Մարտիրոսյանը։
«ՀՀ-ում գտնվող ընկերությունների գումարներով ստեղծելու ենք մի համակարգ, որից, օրինակ, անխափան կկարողանան օգտվել Ադրբեջանի, Թուրքիայի հատուկ ծառայությունները, եւ ով հավես ունենա։ Տնտեսվարողներն իրենց գումարով պիտի գնեն այդ տեսախցիկները՝ միջինում մոտ 280 հազար դրամ ծախսելով։ Բացի դրանից՝ նաեւ ինտերնետ կապից պետք է օգտվեն, որ տեսանկարահանումն անխափան 24 ժամ հասանելի լինի, տրամադրվի «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի-ին։ Եթե այդ ՊՈԱԿ-ի էջը կոտրեն, ամբողջ համակարգը կդառնա վերահսկելի։ Ու դա կարող է լինել։ Բոլորս հասկանում ենք»,- բացատրեց մասնագետը։
Սակայն է՛լ ավելի բարդ խնդիր կա։ Եթե տնտեսվարողին ասում են՝ քո գումարով տեսախցիկ գնի՛ր, պարզ է, որ շատերը կգնեն ամենամատչելի տարբերակը։ Պարզ չէ՝ այդ տեսախցիկն ինչ ծրագրային ապահովում է ունենալու։ Դրանք կարող են խոցելի ծրագրային ապահովում ունենալ, որը հեշտորեն կարող են կոտրել այլ երկրների հատուկ ծառայությունները։
Մասնագետը հիշեցրեց՝ տեսախցիկն ունենում է գաղտնաբառ։ Գործարանային մուտքանունն ու գաղտնաբառը սովորաբար լինում են համապատասխանաբար՝ admin, admin կամ admin admin12345։ Իրականում գնորդը սրանք պետք է փոխի ու իր գաղտնաբառը տեղադրի։ Բայց մարդկանց 95 տոկոսը չի փոխում գործարանային գաղտնաբառը։
«Պատերազմի օրերին ադրբեջանցիները հազարավոր տեսախցիկների այդ կերպ հասանելիություն էին ունենում։ Անգամ դպրոցականներն էին դա անում․․․ Հիմա նրանց գործը հեշտացնում ենք, բոլոր մայրուղիների մոտ, բոլոր խանութներում տեսախցիկներ դնում, որպեսզի պարենի կուտակման մասին էլ իմանան։ Այս կերպ հնարավոր կլինի իմանալ նաեւ, թե հակաօդային պաշտպանության կայանները որտեղ են։ Ես չգիտեմ՝ ինչպես հնարավոր կլինի սրա դեմն առնել»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Նա համոզված է՝ այս օրենքի նախագծի ընդունման պարագայում տնտեսվարողների 95 տոկոսը խոցելի համակարգ ունեցող տեսախցիկներ է տեղադրելու։ Եվ, բնականաբար, հնարավոր չէ ոստիկանության պետին կամ համայնքային ոստիկանին ասել՝ կգնա՛ս, գործարանային գաղտնաբառը կփոխես։
«Ողբերգական համակարգ է ստեղծվելու։ Ասես հայտարարում ենք, որ եկե՛ք ու ամեն ինչ նայե՛ք։ Էլ չեմ խոսում մարդու իրավունքների մասին։ Այս ամենին նաեւ դեմքի ճաաչման համակարգ է կցվելու։ Ով ինչպես ուզի, կօգտագործի սա։ Մենք լուրջ չենք մոտենում մեր անվտանգությանը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Ucom-ի որակի կառավարման եւ ռիսկերի վերահսկման տնօրեն Հակոբ Սունունուն էլ նշեց՝ այս հեռահաղորդակցության օպերատորը արձանագրել է՝ Հայաստանում վաճառվում են չլիցենզավորված սարքավորումներ, այդ թվում՝ հեռախոսներ, տեսախցիկներ։ Ընկերությունը երբեմն բաժանորդներից ահազանգեր է ստանում հաղորդագրությունների կամ տրաֆիկի արտահոսքի վեաբերյալ։
«Մեր ընկերությունը կարեւորում է բաժանորդների անձնական տվյալների պաշտպանությունը։ Բաժանորդները երբեմն չինական, անհայտ ծագման, չլիցենզավորված սարքավորումներ են գնում՝ այդպիսով երրորդ կողմին հասանելիություն տալով տեսախցիկին ու հեռախոսին։ Շատերը չեն հասկանում, որ կան այսպիսի երեւույթներ ու չլիցենզավորված սարքավորումներ են գնում, որոնք նաեւ պետությանը կարող են վնաս հասցնել՝ մանավանդ ռազմական դրության կամ նման այլ իրավիճակներում»,- բացատրեց Հակոբ Սունունուն՝ քաղաքացիներին հորդորելով գնել լիցենզավորված սարքավորումներ, որոնց օգտագործման դեպքում անձնական տվյալները հնարավորինս պաշտպանված կլինեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։