ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը մտադիր է Սպիտակ տուն վերադառնալուց հետո կտրուկ խստացնելու Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ այս երկրի իշխանությունների վրա «առավելագույն ճնշում» գործադրելու համար, գրում է The Wall Street Journal—ը։
Պարբերականի աղբյուրները, որոնք տեղյակ են Թրամփի թիմի ծրագրերին այս փուլում, հայտնել են, որ նոր նախագահը պատրաստվում է նվազագույնի հասցնելու նավթի վաճառքից Իրանի եկամուտները։
«Կարծում եմ, որ դուք կտեսնեք պատժամիջոցների վերսկսում, նրանք կփորձեն ավելի մեկուսացնել Իրանը թե՛ դիվանագիտորեն, թե՛ ֆինանսապես»,- WSJ-ին ասել է Սպիտակ տան նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ Իրանն այժմ «թույլ դիրքում է», որն էլ Թրամփի վարչակազմը օգտագործելու հնարավորություն ունի։
Պարբերականի աղբյուրները նաեւ հիշեցրել են, որ Իրանի ղեկավարությունը կասկածվում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ, եւ դա կազդի նրա քաղաքական ուղղության վրա։
Էներգետիկ ոլորտի փորձագետ Ռոբերտ ՄաքՆալլին WSJ-ին ասել է, որ ԱՄՆ-ը, մասնավորապես, կարող է պատժամիջոցներ սահմանել չինական այն նավահանգիստների նկատմամբ, որոնցով անցնում է իրանական նավթը։
Միաժամանակ, Իրանի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է ամերիկյան պարբերականը, տարբեր գնահատականներ են տվել պատժամիջոցների հնարավոր խստացման հետեւանքների վերաբերյալ։
WSJ-ի իրանցի զրուցակիցներից մեկն ասել է, որ «նման իրավիճակը կարող է աղետալի դառնալ Իրանի նավթարդյունաբերության համար»։
Միեւնույն ժամանակ, իրանցի մեկ այլ պաշտոնյա կարծում էր, որ Թեհրանը կկարողանա փոխհատուցել ամերիկյան պատժամիջոցների վնասը՝ ընդլայնելով այլ երկրների հետ առեւտրային գործընկերությունները։ Թեհրանը կարող է նաեւ պատասխանել պատժամիջոցներին՝ ուժեղացնելով իր միջուկային ծրագիրը կամ սպառնալով Մերձավոր Արեւելքի նավթային օբյեկտներին, ասել է նա:
Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության ժամանակ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ Իրանի միջուկային համաձայնագրից, որը ներառում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում: