ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը քննարկելու պատրաստակամության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը չի նշանակում Ուկրաինայում ընթացող «հատուկ ռազմական գործողության» նպատակների վերանայում։
«Նախագահը երբեք չի ասել, որ ռազմական հատուկ գործողության նպատակները փոխվում են, ընդհակառակը, նա բազմիցս կրկնել է, որ դրանք մնացել են նույնը։ Այս ամենը վերաբերում է մեր երկրի անվտանգության շահերին, այնտեղ ապրող ռուս ժողովրդի անվտանգության շահերին։ Հետեւաբար այստեղ որեւէ փոփոխության մասին խոսք չի եղել»,- ասել է Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինը նոյեմբերի 7-ի երեկոյան «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի հանդիպման ժամանակ խոսել է հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին։ Պեսկովի խոսքերով՝ Պուտինը ավելի վաղ էր ասել, որ պատրաստ է նման բանակցությունների «բոլոր շահագրգիռ կողմերի հետ, բոլոր նրանց հետ, ովքեր կարող են նպաստել այս հակամարտության կարգավորմանը»։
Նրա խոսքով՝ Պուտինի և Թրամփի հնարավոր բանակցությունների վերաբերյալ «հստակություններ» դեռ չկան։
Հիշեցնենք, որ «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրությունները, շնորհավորել էր Դոնալդ Թրամփին եւ հայտարարել, որ դեմ չէ նրա հետ ուկրաինական պատերազմի վերաբերյալ քննարկումներին։ Իր հերթին, ԱՄՆ ընտրված նախագահը, մեկնաբանելով Պուտինի հետ բանակցությունների հնարավորությունը, ասել է. «Կարծում եմ՝ մենք կխոսենք»։