ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին, հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է The Washington Post—ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նրանք պնդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Պուտինին նախ հորդորել է «չսրել Ուկրաինայում ընթացող պատերազմը», ապա հիշեցրել Եվրոպայում ամերիկյան զորքերի «զգալի ներկայության» մասին։
Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահը եւ ՌԴ նախագահը քննարկել են նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը հետաքրքրություն է հայտնել հակամարտության կարգավորման համար հետագա բանակցությունների վերաբերյալ։
Ըստ WP-ի՝ «առանձին զրույցների ընթացքում» Թրամփը միշտ է հասկացրել, որ պատրաստ է աջակցելու այնպիսի գործարքի, որով Ռուսաստանը կպահպանի Ուկրաինայի օկուպացված տարածքների մի մասը, եւ այս հարցը, իբր, «համառոտ» քննարկվել է նաեւ հեռախոսազրույցի ժամանակ։
Ուկրաինայի կառավարությունը տեղեկացված է եղել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի մասին։ Ավելին՝ Կիեւն անգամ չի առարկել զրույցի կայացման հարցում, հայտնել են WP-ի երկու աղբյուրներ։ Նրանց փոխանցմամբ՝ Կիեւի պաշտոնյաները վաղուց են հասկացել, որ Թրամփը պատրաստ է աշխատելու Պուտինի հետ ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղղությամբ:
Պարբերականի լրագրողները հարցումներ են ուղարկել Դմիտրի Պեսկովին, ինչպես նաեւՎաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատուն, սակայն պատասխան չեն ստացել։
Այն օրը, երբ, ըստ WP-ի, տեղի է ունեցել Պուտինի եւ Թրամփի զրույցը, ՌԴ նախագահը մասնակցել է «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը։ Այնտեղ նա հրապարակավ շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ հայտարարել ԱՄՆ ընտրված նախագահի հետ կապեր պահպանելու պատրաստակամության մասին։ Կարճ ժամանակ անց Թրամփը մամուլի միջոցով հայտարարել է, որ ինքը նույնպես պատրաստ է խոսելու Պուտինի հետ, եւ որ դա հավանաբար տեղի կունենա շուտով։
Թրամփի խոսքերով՝ ընտրություններում հաղթելուց ի վեր նա արդեն շուրջ 70 հեռախոսազրույց է ունեցել այլ երկրների առաջնորդների հետ, այդ թվում նոյեմբերի 6-ին խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Axios-ի փոխանցմամբ՝ այս խոսակցությանը միացել է Tesla, SpaceX եւ X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որն ակտիվորեն մասնակցել է Թրամփի նախընտրական արշավին։