Կիեւը նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Այս մասին Reuters-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
«Տեղեկություններն այն մասին, որ ուկրաինական կողմը նախապես տեղեկացված է եղել ենթադրյալ զանգի մասին, սուտ են։ Ըստ այդմ, Ուկրաինան չէր կարող հավանություն տալ կամ դեմ լինել այդ հեռախոսազրույցին»,- ասել է Տիխին։
Նոյեմբերի 10-ին Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին հայտնել է The Washington Post-ը։ Ըստ պարբերականի՝ զրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Թերթի զրուցակիցները պնդում են, որ Թրամփը Պուտինին հորդորել է «չսրել Ուկրաինայում ընթացող պատերազմը» եւ հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի «զգալի ներկայության» մասին։
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Ուկրաինայի իշխանությունները տեղյակ են եղել Պուտինի եւ Թրամփի զանգի մասին եւ առարկություններ չեն ներկայացրել։ Ռուսաստանի իշխանություններն էլ դեռ չեն մեկնաբանել այս հրապարակումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի հետ ուղղակի խաղաղ բանակցություններն առանց Կիեւի մասնակցության անհնար են։ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը նույնպես պնդում էր, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ որոշումը պետք է նախաձեռնվի Կիեւից։