Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին (COP29), որը կանցկացվի նոյեմբերի 11-13-ը Բաքվում։
Վրաստանի կառավարության փոխանցմամբ` համաժողովի հյուրընկալներն են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Բաքու այցի շրջանակում Վրաստանի վարչապետը անձնական հանդիպում կանցկացնի Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ։ Նախատեսվում է, որ Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա COP29 առաջնորդների գագաթնաժողովում, ինչպես նաեւ կլոր սեղանների ձեւաչափով պանելային քննարկումներին, որոնք կանցկացվեն տարբեր թեմաներով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետը Բաքու կմեկնի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլիի, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի եւ կառավարության վարչակազմի ղեկավար Լեւան Ժորժոլիանիի պատվիրակության հետ։