Հայաստանի ներքին գործերի նախարարությունը սառեցնում է Ազգային ժողովի՝ 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունած ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ենթադրում էր պետական ու մասնավոր հաստատություններում տեղադրված տեսախցիկների թվի ավելացում եւ ոստիկանության համար դրանց տվյալների 24-ժամյա պարտադիր հասանելիություն։ Այս մասին ասվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախագծերի մշակման նպատակը բացառապես հանրային անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու գործում ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների լիարժեք օգտագործումն է եւ, վերջնարդյունքում, հանրային անվտանգության միջավայրի էական բարելավումը։
Ըստ ՆԳՆ-ի՝ նախագծերի մշակման ընթացքում իրականացվել են ոլորտի միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրություն եւ վերլուծություն, քննարկվել եւ լուծումներ են առաջադրվել կարգավորումների ամբողջականությունն ապահովող բոլոր հնարավոր հարցերի, այդ թվում՝ մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության սահմանադրական երաշխիքների շուրջ։ Բացի այդ, ըստ հայտարարության, ուսումնասիրության առարկա է դարձել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը վերաբերող իրավական կիրառում ունեցող պրակտիկան։
ՆԳՆ-ն ընդգծում է, որ հանրային վայրերում տեսահսկման իրականացումը եւ համապատասխան հանրամատչելի տվյալների ձեռքբերումը չի հանդիսանում մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը միջամտություն, եթե դա նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ եւ անհրաժեշտ ու համաչափ է այդ նպատակին հասնելու համար։
«Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեեւ իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռեւս փարատված չեն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարեւորելով հանրային անվտանգության ապահովման գործում միասնական ընկալում եւ գործողությունների միասնական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը, ՀՀ ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։ Սա ապացույցն է նաեւ նրա, որ մեր կողմից ներկայացված նախագիծը չունի որեւէ ենթատեքստ, այն բխում է բացառապես հանրային շահից։ Սակայն եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ»,- ասվում է Հայաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը նաեւ հայտնում է, որ միեւնույն ժամանակ, չշեղվելով հանրային անվտանգության միջավայրի բարելավման նպատակադրումից և օրակարգից, ներկայում քննարկում է առանձին նախաձեռնությամբ խնդրի փուլային լուծման տարբերակը։ Մասնավորապես, նախատեսվում է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։
Ըստ ՀՀ ՆԳՆ-ի՝ վերջինս հատկապես արդյունավետ կարող է լինել ՆԳՆ-ին ենթակա «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագրի համատեքստում, որի իրագործմանն ուղղված քայլերն արդեն ընթացքի մեջ են։
«Արդյունքում, նշված ծրագրի իրականացումը թույլ կտա հանրային անվտանգության առաջնահերթ խնդիրները լուծել ՀՀ ներքին գործերի նախարարության տեսահսկման համակարգերով, որոնց ծածկույթը արդիականացման ծրագրի իրագործման շնորհիվ կընդլայնվի»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ տեսախցիկների կրկնապատկման մասին նոր օրենքով մարդու մասնավոր իրավունքը խախտելու մասին վերջերս բարձրաձայնել էր Human Rights Watch-ը։
Իրավապաշտպան կառույցը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել չեղարկել օրինագիծը կամ առնվազն կասեցնել դրա քննարկումը, մինչեւ որ այն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան փոփոխությունների ենթարկվի։ Բացի այդ, ըստ կառույցի, Կառավարությունը պետք է դիմի նաեւ Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով խորհրդատվական մարմնին՝ օրինագծին գնահատական տալու համար։