Վրաստանում գտնվող շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը այսօր՝ նոյեմբերի 11-ին, Թբիլիսիում հայտարարել է ակցիայի անցկացման մասին ընդդեմ «Կովկասում ավտորիտարիզմի ալիքի»:
Թունբերգը նշել է, որ ակցիան կանցկացնի վրացի, հայ եւ ադրբեջանցի ակտիվիստների հետ։
Ըստ ակտիվիստի` Կովկասի տարածաշրջանում Իվանիշվիլին, Պուտինը, Էրդողանը, նաեւ Իրանի վարչակարգը ուժեղացնում են իրենց վերահսկողությունը՝ ճնշելով սեփական ժողովրդին, իսկ Ադրբեջանն օգտագործում է կլիմայի համաժողովը որպես ֆասադ՝ ուժեղացնելով իր ավտորիտար վերահսկողությունը։
«Միացե՛ք մեզ, երբ մենք միավորվենք ընդդեմ ավտորիտարիզմի եւ շահագործման ալիքի, որն ընդգրկում է Կովկասը: Ադրբեջանը, օգտագործելով COP29-ը որպես ֆասադ, ուժեղացնում է իր վերահսկողությունը կեղծ «կանաչ» օրակարգով` ամրացնելով իր իշխանությունը եւ սրելով տարածաշրջանային լարվածությունը»,- գրել է Թունբերգը:
Հիշեցնենք. նոյեմբերի 11-ին Ադրբեջանում մեկնարկում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ամիսներ շարունակ կասկածի տակ էին դնում միջոցառումն Ադրբեջանում անցկացնելու նպատակահարմարությունը։
Տաթեւ Խոցանյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ