Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կողմերը անդրադարձել են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը եւ քննարկել հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա վիճակը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ալիեւը «նշել է, որ բարձր է գնահատում նախագահ Շառլ Միշելի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գործընթացում՝ ընդգծելով, որ հենց իր միջնորդության ընթացքում է ձեւավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի կառուցվածքը, ինչպես նաեւ կարեւոր ոլորտներին վերաբերող օրակարգը»։
Միշելը X-ի իր էջում եւս հայտնել է, որ քննարկման թեման Բաքվի հետ երկկողմ հարաբերությունները եւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն են։
«Անդրադարձանք նաեւ երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին։ Եվ նախորդ շաբաթ Բուդապեշտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո մենք [Ալիեւի հետ] քննարկեցինք Հայաստանի՝ Ադրբեջանի կարգավորման գործընթացի վիճակը»,- գրել է Միշելը։