Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է ուկրաինական բանակի կողմից Կուրսկի մարզի գրաված տարածքները վերադարձնել մինչեւ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին, գրում է բրիտանական The Telegraph-ը։
Թերթը, հղում կատարելով արեւմտյան երկրների դիվանագետներից ստացած տեղեկությանը, գրում է, որ Պուտինը հնարավորինս արագ կփորձի Ռուսաստանի վերահսկողության ներքո վերադարձնել դեռ օգոստոսի սկզբից կորցրած տարածքները, որպեսզի Ռուսաստանն ավելի շահեկան դիրք ունենա խաղաղության ցանկացած բանակցությունում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The New York Times-ը, Կուրսկի մարզում հակահարձակման համար ռուսական հրամանատարությունն այնտեղ կենտրոնացրել է շուրջ 50 հազար զինվորականի, որոնց թվում են նաեւ Հյուսիսային Կորեայից տեղափոխված ստորաբաժանումները։ Այս տեղեկությունները հաստատում է նաեւ The Telegraph-ը։
Բացի այդ՝ բրիտանական ռազմական հետախուզության գնահատմամբ Ռուսաստանը կկրկնապատկի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակումները ուկրաինական դիրքերի վրա՝ օգտագործելով նաեւ դրանց արձակման համար սահմանին մոտ գտնվող նոր տարածքները։
The Telegraph-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի վերլուծաբաններն էլ կարծում են, որ Ռուսաստանի իշխանությունները Կուրսկում հակահարձակման թափը կօգտագործեն Ուկրաինայի Սումի շրջան կրկին ներխուժելու համար։
Հոկտեմբերի առաջին կեսի դրությամբ Ռուսաստանն արդեն կարողացել է հետ գրավել այն տարածքի մոտավորապես կեսը, որը ուկրաինացի զինվորականները զբաղեցրել էին օգոստոսյան հարձակման ընթացքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական բանակը Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողությունները սկսել էր օգոստոսի 6-ին՝ կարճ ժամանակահատվածում կարողանալով վերահսկողության տակ վերցնել մի շարք սահմանամերձ բնակավայրեր, այդ թվում Սուջա շրջկենտրոնը, եւ ամրանալ պետական սահմանից մինչեւ 10-15 կիլոմետր խորության վրա։