Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել 2026 թվականի Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովը (COP31-ը) հյուրընկալելու համար։ Այս մասին Բաքվում ընթացող COP29 առաջնորդների գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ շնորհակալություն հայտնել հայտին աջակցող բոլոր երկրներին։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ամենաշատն են զգում կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները։
«Մինչեւ 2053 թվականը զրոյական արտանետումների հասնելու եւ կանաչ զարգացման շրջանակում մենք փոփոխություններ ենք կատարում տնտեսության հիմնական ոլորտներում: Կանաչ ֆինանսական ռազմավարության իրականացման մեր ջանքերը շարունակվում են։ Շատ շուտով երկրի խորհրդարան կներկայացնենք «Կլիմայի փոփոխության մասին» օրենքը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նաեւ հավելել է, որ երկիրը 2035 թվականին հողմային եւ արեւային էներգիայի սահմանված հզորությունը 31․000 մեգավատտից կհասցնի 120․000 մեգավատտի։
Էրդողանի խոսքերով՝ բնապահպանական լուրջ աղետների պատճառ են դարձել նաեւ Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունները։
«Մենք կարծում ենք, որ Գազայում հումանիտար եւ բնապահպանական լուրջ աղետի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային դատարանում»,- նշել է Թուրքիայի նախագահը։