Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի՝ COP29-ի գագաթնաժողովի հիմնական ելույթի ընթացքում բողոքել է իր երկրի նավթի եւ գազի արդյունաբերության քննադատներից՝ հայտարարելով, որ Ադրբեջանը դարձել է «զրպարտության եւ շանտաժի լավ կազմակերպված արշավի զոհ»:
«Որպես COP29-ի նախագահող, իհարկե, մենք կլինենք կանաչ անցման ուժեղ ջատագով, եւ մենք դա անում ենք: Բայց միեւնույն ժամանակ մենք պետք է իրատես լինենք»,- հայտարարել է Ալիեւը եւ իր երկրի նավթի եւ գազի պաշարները որակել է որպես «Աստծուց տրված պարգեւ»։
Ադրբեջանի նախագահի կարծիքով այն երկրները, որոնք ունեն հանածո վառելիքի պաշարներ, չպետք է մեղադրվեն դրա համար, ինչպես նաեւ չպետք է մեղադրվեն այդ ռեսուրսները շուկա բերելու համար, քանի որ հենց շուկան եւ մարդիկ ունեն դրանց կարիքը։
«Ցավոք, երկակի ստանդարտները, այլ երկրներում դասախոսություններ կարդալու սովորությունը եւ քաղաքական կեղծավորությունը դարձել են որոշ քաղաքական գործիչների, պետական վերահսկողության տակ գտնվող հասարակական կազմակերպությունների եւ արեւմտյան որոշ երկրներում գործող կեղծ ԶԼՄ-ների գործունեության միջոց: Իմ վերջին ուղերձը նրանց համար է, ովքեր գրեթե մեկ տարի հանդես են գալիս բոյկոտի օգտին։ Նրանք օգտագործեցին իրենց ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ Բաքվում COP29-ը բոյկոտելու արշավ սկսելու համար։ Ես վատ լուր ունեմ նրանց համար։ Մենք ունենք 72000 գրանցված մասնակից 196 երկրներից։ Նրանց թվում են 80 նախագահներ, փոխնախագահներ, վարչապետներ»,- հայտարարել է Ալիեւը։
Reuters-ն ընդգծում է, որ Ալիեւի նման մեկնաբանությունները հնչում են Բաքվում ընթացող գագաթնաժողովի երկրորդ օրը, որի ժամանակ շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ քննարկելու են, թե ինչպես է հնարավոր կրճատել հանածո վառելիքի արտանետումները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ելույթից րոպեներ առաջ, որում նա մասնավորապես ընդգծեց, որ հանածո վառելիքի կրկնապատկումը այսուհետև սխալ ռազմավարություն է: