Արդարադատության միջազգային դատարանը այսօր՝ նոյեմբերի 12-ին կայացրած վճռով ամբողջությամբ մերժել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման մասին Ադրբեջանի նախնական առարկությունները։ Այդ մասին հայտնում են Դատարանի կայքը եւ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Դատարանը մասնավորապես եզրակացրել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես՝ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան, եւ Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:
Արդարադատության միջազգային դատարանը նաեւ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայական իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես դատարանն արձանագրել է, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին եւ անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաեւ ազատազրկումներին եւ բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:
Բավարարվել են նաեւ Հայաստանի նախնական առարկությունները: Արդյունքում Ադրբեջանի պահանջներն ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, ինչպես նաեւ ենթադրյալ բնապահպանական վնասներին, մերժվել են ամբողջությամբ։ Դատարանը նաեւ անդրադարձել է Հայաստանի առարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած՝ ականապատումների եւ պայթուցիկների վերաբերյալ պնդումներին։ Որոշման համաձայն՝ այդ պահանջները բխում են Կոնվենցիայից, եւ դատարանը դրանց կանդրադառնա գործի ըստ էության քննության ընթացքում։