Այսօր՝ Երեւանի ժամանակով 08:00-ին, մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: Այն կավարտվի հունիսի 13-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին:
Քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի արտահերթ ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո:
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն արտերկրի ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները եւ նրանց հետ բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:
Նման եղանակով քվեարկելու իրավունք է վերապահվում նաեւ արտերկրում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողներին եւ այնտեղ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամներին:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 անձ: