Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը կվերադառնան հաջորդ ամիս։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Ներկա պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման, մինչեւ նոյեմբերի վերջը, COP29-ն է։ Հավանաբար դեկտեմբերից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր գործընթաց կսկսվի՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման եւ շարունակման վերաբերյալ»,- ասել է Հաջիեւը։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաեւ նշել է, որ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում, ուստի այժմ քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են փորձագիտական մակարդակով։
«Հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Եվ այդ պատճառով այս համատեքստում մենք զգում ենք հետաձգված գործընթաց: Հավանաբար դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու»,-ասել է Հաջիեւը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ստացել է ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները։
Դեռեւս օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երեւանը օգոստոսի 30-ին խաղաղության պայամանագրի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ընդգծելով, որ հայկական կողմը առաջարկում է ամբողջացնել արդեն համաձայնեցված կետերը եւ ստորագրել պայմանագիրը, իսկ չհամաձայնեցված հատվածների քննարկումները թողնել հետագային։
Ադրբեջանական կողմն էլ բազմիցս է տարբեր մակարդակներով կատարված հայտարարություններում նշել, որ Հայաստանն իր ուղարկած վերջին առաջարկներին պատասխանել է շուրջ 70 օր անց, ինչը Բաքվին ստիպում է թերահավատորեն մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված Երեւանի քայլերի անկեղծությանը։ Բացի այդ՝ Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով նաեւ հստակեցրել է, որ կստորագրի միայն պայմանագրի ամբողջականորեն համաձայնեցված տեքստը։