Ռուսատանի Դաշնության կազմում գտնվող Ուդմուրթիայի մայրաքաղաք Իժեւսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը սկսվել է 2009 թվականի մայիսի 25-ին, իսկ մինչ այդ՝ 90-ականներից սկսած, հայկական համայնքը տարբեր միջոցներով փորձել է եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալ։
Եկեղեցու կառուցմանը մասնակցել է ամբողջ համայնքը. մի մասը՝ նյութական ներդրումներով, մյուս մասը՝ ֆիզիկական աշխատանքով։ Ամբողջ համայնքը տարիներ շարունակ սպասում էր եկեղեցու օծմանը։
Իժեւսկում մշտապես բնակվում է մոտ 3500 հայ, սակայն ամռանը հայ բնակչությունն ավելանում է Հայաստանից եւ հատկապես Ջավախքից արտագնա աշխատողների հաշվին։ Իժեւսկին ամենամոտ հայկական եկեղեցին մոտ 400 կիլոմետր հեռու է՝ Կիրով քաղաքում։
Նորաօծ եկեղեցին դեռեւս մշտական քահանա չունի, սակայն առաջիկայում որոշակի պարբերականությամբ հոգեւորականներ կայցելեն։