Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակված նոր տեսաուղերձում դիմում է Իրանի ժողովրդին, որտեղ պնդում է, որ իր երկիրը «պատերազմ չի ցանկանում» Իրանի դեմ, եւ բոլոր խնդիրները բխում են միայն Թեհրանի իշխանություններից։
«Մի բան կա, որն ավելի շատ է վախեցնում [Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի] Խամենեիի ռեժիմին, քան Իսրայելին։ Դա դուք եք՝ Իրանի ժողովուրդը։ Թույլ մի՛ տվեք, որ ձեր երազանքներն անհետանան: Խամենեիի ռեժիմն ամեն օր թուլանում է, մինչդեռ Իսրայելը ուժեղանում է. մինչ այժմ աշխարհը տեսել է մեր հզորության միայն մի մասը»,- վստահեցրել է Իսրայելի վարչապետը, որի հայտարարությունները տարածել է իր գրասենյակը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարձակումները Թեհրանի համար արժեցել են 2,3 մլրդ դոլար։
«Իսրայելի վրա հերթական հարձակումը մեծապես կվնասի Իրանի տնտեսությանը, որը ձեզնից կրկին միլիարդավոր դոլարներ կխլի: Ես գիտեմ, որ ձեզնից շատերը չեն ցանկանում այս պատերազմը։ Ես էլ այս պատերազմը չեմ ուզում։ Իսրայելի ժողովուրդը չի ցանկանում այս պատերազմը»,- հավելել է Նեթանյահուն՝ դիմելով Իրանի ժողովրդին։
Միեւնույն ժամանակ նա պնդել է, որ Իսլամական Հանրապետության բնակիչները «այլ կյանք կունենային, եթե Իրանը ազատ լիներ»։
«Մի՛ կորցրեք հույսը եւ իմացե՛ք, որ Իսրայելը եւ ազատ աշխարհի մյուս երկրները ձեզ հետ են։ Ռեժիմն ուզում է կործանել ձեր ապագան այնպես, ինչպես ուզում է կործանել մեր պետությունը։ Դե ինչ, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Չեմ կասկածում, որ մի օր ազատ Իրանում իսրայելցիներն ու իրանցիները միասին կկառուցեն բարգավաճ ու խաղաղ ապագա։ Սա այն ապագան է, որին արժանի է Իսրայելը։ Եկեք միասին իրականացնենք այս գեղեցիկ երազանքը»,- հայտարարել է Նեթանյահուն։
Սա Նեթանյահուի երկրորդ ուղիղ տեսաուղերձն է իրանցիներին։ Նախկինում նման կոչ Իսրայելի վարչապետը հնչեցրել էր սեպտեմբերի վերջին։ Բացի այդ՝ նույն ձեւաչափով նա դիմել է Լիբանանի ժողովրդին՝ կոչ անելով հանրապետության բնակիչներին ինքնուրույն վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ» շարժումների, ինչպես նաւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կազմի առանցքային անձանց սպանությունների։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել էր պատասխան հարված հասցնել։ Իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն էլ նախազգուշացրել էր, որ իր երկրի պատասխան հարվածները Իսրայելին այդ դեպքում կլինեն ավելի լայնամասշտաբ։
Այնուամենայնիվ, հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման էին ենթարկվել Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը ունեցել է սահմանափակ բնույթ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։