ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան օդուժի մամուլի կենտրոնը հայտնել է, որ հինգշաբթի Ալյասկայում մեկնարկել են Red Flag Alaska 21-2 բազմազգ ռազմաօդային վարժանքները, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 25-ը:
Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ զորավարժություններին կմասնակցի շուրջ 1,5 հազար զինծառայող, մոտ 100 թռչող սարք եւ ավելի քան 20 ստորաբաժանում:
«Red Flag Alaska-ն վարժանքների համար բացառիկ հնարավորություններ է ի հայտ բերում միացյալ եւ միջազգային ուժերի հետ իրական մարտական իրադրության պայմաններում: Զորավարժությունը զարգացնում է զինված ուժերի տարբեր տեսակների եւ երկրների միջեւ օպերատիվ համատեղելիությունը»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Վարժանքներին մասնակցում են նաեւ զինծառայողներ Կորեայի Հանրապետությունից եւ Ճապոնիայից, որոնք ԱՄՆ են ժամանել մարտավարական եւ տեխնիկական փորձի փոխանակման համար: Red Flag Alaska զորավարժություններն առաջին անգամ անցկացվել են 1975-ին: