Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել պատժամիջոցների սահմանումը «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ ընդգծելով, որ դեմ է այդ նախագծին:
Փրայսը շեշտել է, որ ԱՄՆ-ն միաժամանակ բանակցություններ կվարի եվրոպական առանցքային երկրների ղեկավարների հետ, որպեսզի Ռուսաստանին թույլ չտա էներգակիրները Եվրոպայում որպես ճնշման լծակ օգտագործել: Փրայսը նշել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի հարցում ԱՄՆ-ի եւ Գերմանիայի դիրքորոշումները չեն համընկնում:
«Երբ խոսքը նման մասշտաբների, ակտիվ հարաբերությունների մասին է, որոշ թեմաների շուրջ տարաձայնություններ են ի հայտ գալիս»,- ասել է Փրայսը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն պարբերաբար այդ թեման բարձրացրել է պաշտոնական Բեռլինի հետ շփումների ժամանակ:
«Նախագահ Բայդենը կանցլեր Մերկելի հետ հանդիպմանը հնարավորություն կունենա քննարկելու մեր սերտ հարաբերությունների եւ հրատապ հարցերի ամբողջ շրջանակը»,- հավելել է Փրայսը:
Տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք-2» ծովային գազատարը Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանից հասնում է մինչեւ Գերմանիայի բալթյան ափեր:
«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը Գազպրոմն ավարտին կհասցնի սեփական ուժերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով նրա շվեյցարական կապալառուն դադարեցրել է աշխատանքը։