ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը միության երկրներին առաջարկել է դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ՝ պատճառաբանելով Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում մարդու իրավունքների հնարավոր խախտումները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին եւ Բորելի համապատասխան նամակին։
Գործակալության տվյալներով՝ նամակն ուղարկվել է ԵՄ երկրների արտգործնախարարներին չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին՝ Բրյուսելում նրանց սպասվող հանդիպումից օրեր առաջ։ Բորելը՝ որպես ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար, արտգործնախարարների այս գագաթնաժողովին կմասնակցի վերջին անգամ, քանի որ նա կհեռանա այդ պաշտոնից դեկտեմբերի 1-ին, երբ նոր Եվրահանձնաժողովը ստանձնի պաշտոնը:
Նամակում Բորելը «լուրջ մտահոգություն է հայտնում Գազայում միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ», ինչպես նաեւ նշում է, որ, իր կարծիքով, «Իսրայելը դեռ պատշաճ կերպով չի արձագանքել այդ մտահոգություններին»։
Reuters-ը հիշեցնում է, որ քաղաքական երկխոսության մեխանիզմը նախատեսված է ԵՄ-ի եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունները կարգավորող համաձայնագրով։
«Այս հանգամանքների լույսի ներքո ես ԵՄ-ին առաջարկություն կներկայացնեմ՝ օգտագործելու [երկկողմանի համաձայնագրի] մարդու իրավունքների դրույթը՝ Իսրայելի հետ քաղաքական երկխոսությունը դադարեցնելու համար»,- գրել է Բորելը, որը մեջբերում է Reuters-ը:
Գործակալության զրուցակիցները նշել են, որ նախաձեռնությունը հազիվ թե աջակցություն ստանա, քանի որ այս դեպքում անհրաժեշտ է անդամ բոլոր 27 երկրների հավանությունը։ Նրանց խոսքով՝ ԵՄ-ի ներկայացուցիչը, որի անունը նույնպես չի նշվում, չորեքշաբթի տեղեկացրել է Բրյուսելում գտնվող միության երկրների մշտական ներկայացուցիչներին, որոնցից շատերը դեմ են արտահայտվել։ Միեւնույն ժամանակ, Բորելի այս նախաձեռնությունը անհանգստության «ուժեղ ազդանշան» կուղարկի այն մասին, թե ինչպես է Իսրայելն իրականացնում իր ռազմական գործողությունը, գործակալությանը ասել է դիվանագետներից մեկը:
Միջազգային կազմակերպությունները Իսրայելին պարբերաբար մեղադրում են Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու համար։ Իսրայելի իշխանությունները հիմնականում մերժում են նման քննադատությունը։
Թեեւ ԵՄ-ն ընդհանուր առմամբ ավելի շատ է քննադատում Գազայում տեղի ունեցողը, քան Իսրայելի գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, Եվրամիության ներսում հրեական պետությունը ունի որոշ հաստատուն դաշնակիցների, ինչպիսիք են, օրինակ, Չեխիան եւ Հունգարիան: Այս առնչությամբ գործակալության զրուցակիցներից մեկն էլ նշել է, որ իրեն ապշեցրել է Բորելի նախաձեռնության թերի մշակումը՝ հավելելով, որ նրա գործողություններն էլ ավելի խոր պառակտում կմտցնեն ԵՄ շարքերում։