Ուկրաինան Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների նախօրեին առաջին տեղում կդնի անվտանգության երաշխիքների հարցը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
NYT-ի զրուցակիցները բացատրում են, որ հնարավոր բանակցությունների ընթացքում Ուկրաինայի դիրքորոշումը հիմնված կլինի ոչ թե տարածքային ամբողջականության եւ նախկին սահմանների վերականգնման վրա, որոնք հավանաբար կփոխվեն մարտերի ընթացքում, այլ այն հանգամանքի, թե ինչ երաշխիքներ կտրամադրվեն հրադադարի պահպանման համար։
«Տարածքային խնդիրը չափազանց կարեւոր է, բայց դա երկրորդ խնդիրն է։ Առաջին խնդիրը անվտանգության երաշխիքներն են»,- ասել է NYT-ի աղբյուրներից մեկը։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտպանության եւ հետախուզության կոմիտեի ղեկավար Ռոման Կոստենկոյի խոսքով՝ բանակցությունները «պետք է հիմնված լինեն երաշխիքների վրա»։
«Ուկրաինայի համար դրանից ավելի կարեւոր բան չկա»,- ասել է նա։ Կոստենկոն նաեւ հավելել է, որ Կիեւը պաշտոնապես չի հրաժարվի Ռուսաստանի օկուպացիայի տակ գտնվող որեւէ տարածքի նկատմամբ իր հավակնություններից։
Կիեւի համար կարեւոր է նաեւ, որ հակամարտության հետեւանքով առաջացած ճակատային գծի սառեցումը չխոչընդոտի երկրի տնտեսության վերականգնումը, օրինակ՝ այդ հատվածներում գոնե անվտանգ թողնվեն արդյունաբերական տարածքները հավանական ներդրումների համար։ NYT-ի զրուցակիցներից մեկն էլ «մեկ այլ առանցքային գործոն» է անվանում երկու բանակների միջեւ բուֆերային գոտու լայնությունը։
Պարբերականը նշում է, որ ուկրաինացի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին, որ չեն զիջի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները խաղաղ կարգավորման որեւէ տարբերակով։ Սակայն Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, ով առաջ է քաշում բանակցությունների արագացված գրաֆիկ, Կիեւը սկսեց անվտանգության երաշխիքներին տալ գրեթե նույնքան մեծ կարեւորություն, որքան այն հարցին, թե որտեղով պետք է անցնի շփման գիծը։
Հոկտեմբերի սկզբին Financial Times-ը գրել էր, որ արեւմտյան դիվանագետները եւ Ուկրաինայի շատ պաշտոնյաներ հանգում են այն եզրակացության, որ փոխզիջումային կարող է լինել «ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց տարածքների զիջման» սխեման։ Միեւնույն ժամանակ, անվտանգության երաշխիքները, ինչպես նշում է NYT-ը, ցանկացած խաղաղության համաձայնագրում դառնում են ամենաբարդ հարցերը։ Պարբերականը հիշեցնում է, որ 2022 թվականի սկզբին մեկնարկած բանակցությունների հիմնական խոչընդոտը դարձել էր այլ երկրների կողմից Ուկրաինայի անվտանգության ապահովման երաշխիքների ապահովման վերաբերյալ կետը։