Բաքվում մեկնարկել է COP29 գագաթնաժողովը։ Ադրբեջանից պաշտոնական հրավեր են ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հայաստանի Կառավարությունը մինչ այս պահը չի հստակեցրել՝ կմասնակցի՞ արդյոք Բաքվում անցկացվող կլիմայի հարցերով ՄԱԿ-ի այս գագաթնաժողովին։
Չնայած Երեւանի եւ Բաքվի միջեւ պատերազմներին եւ լարված հարաբերություններին՝ այնուամենայնիվ, անկախությունից ի վեր հայ պաշտոնյաներ, պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ ու լրագրողներ այցելել են Բաքու, եւ փոխադարձաբար ադրբեջանցի պաշտոնյաներ են եղել Հայաստանում։
Այս ժամանակագրությունը ցույց է տալիս, թե երբ եւ ինչ նպատակով են հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաները փոխադարձ այցելություններ կատարել։
1998․ Վարչապետ Արմեն Դարբինյանը պաշտոնական այցով մեկնեց Բաքու։
Վեհափառը 2010-ին այցելեց Բաքու՝ մասնակցելու ԱՊՀ-ի միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ գումարված հոգեւոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Բաքվում համատեղ հայտարարություն ստորագրեցին, որով իրենց աջակցությունն էին հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
Կաթողիկոսը Բաքվում հանդիպեց նաեւ Ալիեւի հետ, խոսեցին կրոնապետների համաշխարհային գագաթնաժողովի մասին, անդրադարձ եղավ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։ Կողմերը ողջունեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ դրանցում կարեւորելով կրոնապետների եւ հոգեւոր սպասավորների դերը:
Վեհափառ Հայրապետը այցելեց Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, ծանոթացավ 1990 թվականին հրդեհից վնասված եկեղեցու վիճակին, ապա աղոթք եւ շարական հնչեցրեց։
Կաթողիկոսի գլխավորած հայկական պատվիրակության անդամներն էին Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
2012, ապրիլի 1․ Հայկական պատվիրակությունը՝ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, ժամանում է Բաքու՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին: Հայկական պատվիրակության անդամներն էին.
- Վահան Հովհաննիսյանը — պատվիրակության նախագահ,
- Լիլիթ Գալստյանը,
- Արտակ Զաքարյանը,
- Հովհաննես Սահակյանը,
- Նաիրա Զոհրաբյանը,
- Արամ Սաֆարյանը,
- Ստյոպա Սաֆարյանը,
- Խաչիկ Պետրոսյանը:
Նախքան պատվիրակության Ադրբեջան մեկնելը Բաքուն հայ պաշտոնյաներին անվտանգության երաշխիք էր տրամադրել. խոսելով հայկական պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության մասին՝ Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ անվտանգության ապահովումը պատշաճ մակարդակի վրա էր: Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի անցել։
Իլհամ Ալիեւը Միլլի Մեջլիսում իր ելույթում հայերին անվանեց «ֆաշիստ»։ Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը համաժողովի նախագահներից պահանջեց հստակ գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին, որը «չի նպաստում Արեւելյան գործընկերության կարեւոր հիմնադրույթներին»։
2012, նոյեմբերի 22-23. «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Բաքու՝ մասնակցելու «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր վեհաժողովին:
Հովհաննիսյանը Ադրբեջանում բարձրացրեց առանցքային հարցեր՝ Բաքվից տեղահանված հայերին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, մշակութային ժառանգության պահպանմանը եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը առնչվող։
Հայաստան վերադառնալուց հետո «Ժառանգության» առաջնորդը ասուլիսում խոսեց Բաքվում իր հանդեպ ճնշումների մասին. «Որոշում կայացվեց, որ իմ հիմնական ելույթը հնարավորինս քիչ լուսաբանվի: Ելույթին հաջորդեց ադրբեջանցի համանախագահների ելույթը. հինգ-վեց հոգի շարեցին, մեկը մյուսից հետո թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին ինչ ասես, ասացին՝ նաեւ անձնական վիրավորանք հասցնելով իմ հասցեին. ես ձայն խնդրեցի, բայց ձայնի իրավունք չտվեցին»։
Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում ադրբեջանցիների կողմից «ոչ քաղաքավարի պահվածքի» է հանդիպել, սակայն խիստ կարեւոր էր համարում նման փոխայցերը. «Շատերը առաջին անգամ էին լսում հայկական տեսակետը, մինչ այդ իրենք լսել էին միայն կրկնվող ադրբեջանական քաղաքականության, հռետորաբանության տարափը»: Հովհաննիսյանը կարեւորեց, որ ամենուր Հայաստանի ներկայությունը լինի, որպեսզի կարողանան հավասարակշռել դիվանագիտական բացթողումները:
2014, հունիսի 16-18․ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը մեկնում են Բաքու՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Rose-Roth սեմինարին։
Սեմինարն ընթացավ խիստ լարված մթնոլորտում:
Ադրբեջանական ոչ կառավարական LINKS կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը եւ Միլլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովը իրենց ելույթներում խոսեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, նաեւ շեշտեցին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված է, եւ այն պետք է վերականգնվի։
Կորյուն Նահապետյանը «ագրեսիա» որակեց Միլլի Մեջլիսի նախագահի ելույթը, ապա պահանջեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող քննարկումներում որպես մասնակից կողմ նշվեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր ելույթում հիմնական շեշտադրումներն անելով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:
«ՆԱՏՕ-ն կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Պետք է իմանալ, որ հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է: Այս հակամարտությունը պետք է լուծել փոխզիջումների միջոցով»,- նշեց վեհաժողովի նախագահ Հյու ԲեյլինՀյու Բեյլին:
2014, հունիսի 28․ Արտաշես Գեղամյանը պատվիրակության կազմով մեկնեց Բաքու՝ մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ ամենամյա նստաշրջանին։
Հայկական պատվիրակության անդամներն էին՝
1. Արտաշես Գեղամյանը — պատվիրակության նախագահ,
2. Ստեփան Մարգարյանը,
3. Աղվան Վարդանյանը,
4. Անահիտ Գասպարյանը
5. Վահե Գեւորգյանը:
Վեհաժողովում հնչած կարծիքներից զատ՝ Գեղամյանը նաեւ հարցազրույց տվեց ադրբեջանական լրատվամիջոցներին․ haqqin.az կայքի լրագրողի հարցին, թե առաջին անգամ է Բաքվում, Գեղամյանը պատասխանում է. «Ո՛չ, 15-րդ անգամ եմ, մինչ այս ես 14 անգամ եղել եմ Բաքվում [խորհրդային շրջանում — խմբ․] եւ այստեղ միշտ բարության եմ հանդիպել: Նույնը կհաստատեն նաեւ Ադրբեջանից իմ գործընկերները․․․ Մենք բոլորս հյուրընկալ Կովկասի բնակիչներ ենք, եւ մեզ բոլորիս կապում են պատմական արժեքները:
Ինչ-որ մեկին, հավանաբար, ձեռնտու է, որ մեր միջեւ թշնամությունը շարունակվի: Եվ դա հանգեցնում է արյունահեղության: Ինչ էլ լինի, մենք դատապարտված ենք միասին ապրելու: Իսկ խելացի հարեւանները միասին առեւտուր են անում, տոներ են նշում: Ինչո՞ւ կրակել միմյանց ուղղությամբ»։
2017, սեպտեմբերի 20-23․ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը մեկնում են Բաքու՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին։
Սա հայ պաշտոնյաների առաջին այցն է Բաքու ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եւ վերջինը այս պահի դրությամբ։
Այս անգամ եւս նիստը անցավ լարված մթնոլորտում: «Ադրբեջանական կողմը նիստն ամեն պահի վեր էր ածում հակահայկական քարոզի, եւ շատ լավ էր, որ մենք մասնակցեցինք։ Մեր դիրքավորումը նրանց բազմիցս զսպել է»,- ասում է Մանե Թանդիլյանը։
Հայկական պատվիրակությունը կողմնակի գործողություններով եւս սրում էր առանց այն էլ լարված իրավիճակը։ Աշոտյանն ու Թանդիլյանը պարբերաբար լուսանկարներ էին հրապարակում համացանցում՝ Բաքվում թեյ խմելիս, սեպտեմբերի 21-ին էլ Արցախի գինով եւ փախլավայով ՀՀ Անկախության տոնը նշելիս։
Ադրբեջանցիների այց Երեւան
1998-ին Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարար Միսիր Մարդանովը այցելում է Հայաստան։
Այս այցի վերաբերյալ հայկական մամուլում մեզ չհաջողվեց գտնել բավարար տեղեկություններ։ Միսիր Մարդանովի այցի մասին «Ալիք Մեդիա»-ում կհրապարակվի առանձին հոդված արխիվում ուսումնասիրություններ կատարելուց հետո։
2010, մայիսի 13-14․ Ադրբեջանի պատվիրակությունը գյուղատնտեսության նախարար Իսմադ Աբասովի գլխավորությամբ ժամանում է Երեւան։
«Դյուրին չէ երկու երկրների միջեւ նման հարաբերությունների պարագայում փոխայցելություններ կատարել»,- հայերեն սկսեց զրույցը Աբասովը: Նա ծնվել եւ մեծացել է Երեւանում, հաճախել է նախկին Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող թիվ 9 դպրոցը: «Ինձ հաջողվեց գնալ այն տունը, որտեղ ծնվել եմ, այն գտնվում է Ալավերդյան փողոցում: Հուզիչ պահեր ապրեցի»:
Աբասովը Երեւանում մասնակցում էր ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին։
Աբասովի ղեկավարած պատվիրակության կազմում էին նաեւ Ռաշադ Մաջիդովը եւ Ալի Բայրամովը։
2012 թվականին «Եվրանեսթի» շրջանակում ադրբեջանցի պատգամավորներ Ազայ Գուլիեւը, Ռովշան Ռզաեւը եւ Ֆարաջ Գուլիեւը այցելեցին Հայաստան։
2012-ին «Եվրանեսթի» ԽՎ-ի հանդիպումն առաջին անգամ էր անցկացվում Եվրոպական խորհրդարանից դուրս: Ադրբեջանցի Ռովշան Ռզաեւի գնահատմամբ` երկու երկրների զարգացման համար էլ կարեւոր է առողջ քաղաքացիական հասարակություն ունենալը, ուստի պետք է փոխըմբռնման եզրեր գտնել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցություն ծավալելու համար:
Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստի ընթացքում եւ դրա ընդմիջումներում կազմակերպվել են նաեւ ոչ պաշտոնական զրույցներ հայ եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանցի պատվիրակների նկատմամբ ցուցաբերվել է ուշադիր վերաբերմունք, եւ նրանց համար ստեղծվել են աշխատելու հարմար պայմաններ։
Ադրբեջանցի պատգամավորները հանդիպեցին նաեւ Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ժամանակ Սարգսյանը Բաքվի պատվիրակությանն ասել է՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Հենց այդ օրերին այս վերտառությամբ հոդվածները ակտիվ շրջանառվում էին ադրբեջանական լրատվամիջոցներում։
2022 թվականին ադրբեջանցի պատգամավորներ Թաիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը «Եվրանեսթի» հերթական համաժողովի շրջանակում այցելեցին Երեւան։
Սա 44-օրյա պատերզմից հետո ադրբեջանցիների առաջին այցն էր Երեւան, այն, իհարկե, կրկին առանց սկանդալների չի ընթացել։
Ադրբեջանցի պատգամավորների այցը Երեւան ուղեկցվեց բողոքի ակցիաներով։ Մի խումբ քաղաքացիներ փակել էին օդանավակայան տանող ճանապարհը՝ հայտարարելով, որ թույլ չեն տա ադրբեջանցի պատգամավորների մուտքը Երեւան։ Ոստիկանական ուժերի միջամտությունից հետո ճանապարհը բացվեց։
Այս օրերին բողոքի մի քանի ակցիա իրականացվեց։ Քաղաքացիները բողոքում էին, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները ոտք են դնում Երեւան։
Ադրբեջանցի խորհրդարանականները Երեւանում այցելեցին Կապույտ մզկիթ, ապա համացանցում լուսանկար տարածեցին՝ վերնագրելով, թե 18-րդ դարի կառույցը Հայաստանի մայրաքաղաքում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Մեջլիսի անդամները նաեւ հույս էին հայտնել, թե այդ մզկիթի իրական տերերը շուտով կկարողանան այնտեղ աղոթել։
Սա 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների առաջին եւ այս պահի դրությամբ վերջին այցն էր Երեւան։
Հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաների փոխադարձ այցերը հաճախ հնչեցնում են բազում հակասական արձագանքներ՝ հասարակական բողոքի ակցիաներից մինչեւ դիվանագիտական զսպվածության կոչեր։ Չնայած 1998-ից ի վեր անցկացված նման հանդիպումների սակավությանը եւ հաճախ լարված մթնոլորտին՝ դրանցում ակնհայտ է մեկ կարեւոր հանգամանք՝ երկխոսության եւ փոխըմբռնման անհրաժեշտությունը։
Այսօր, երբ Բաքվում անցկացվում է COP29 գագաթնաժողովը, Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը թեժ քննարկումների առարկա է։ Որոշումը՝ կմիանա՞ Հայաստանը այս հարթակին, թե՞ ոչ, շատ ավելին է, քան դիվանագիտական արարողակարգ:
Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։