Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը մտադիր է ի թիվս այլ հարցերի քննարկել Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Մակրոնը շեշտել է, որ Էրդողանի հետ հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ նախատեսված հանդիպումը դրական երեւույթ է, քանի որ երկու նախագահների հանդիպման խիստ անհրաժեշտություն կա:
«Ըստ իս՝ որքան էլ տարաձայնություններ ունենանք, խոսելն անհրաժեշտ է։ Նախագահ Էրդողանի հետ կցանկանայի խոսել ՆԱՏՕ-ի եւ անդամ պետությունների միջեւ վարքագծի կանոնների մասին։ Կցանկանայի խոսել նաեւ Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների մասին»,- ընդգծել է Մակրոնը։