ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերի թեկնածությունը առաջադրել է Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնի համար:
«Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենակարեւոր առաջնահերթությունն են, եւ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը հսկայական դեր կխաղա՝ մարդկանց պաշտպանելու վնասակար քիմիկատներից, աղտոտող նյութերից, պեստիցիդներից, դեղագործական միջոցներից եւ սննդային հավելումներից, որոնք մեր երկրում առողջական լուրջ ճգնաժամ են ստեղծել»,- գրել է Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում։
Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների դեպարտամենտը վերահսկում է Սննդի եւ դեղերի վարչությունը (FDA), Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC), Առողջապահության ազգային ինստիտուտները (NIH) եւ Medicare եւ Medicaid ծրագրերը, որոնք առողջապահական ապահովագրություն են տրամադրում աղքատներին, 65-ից բարձր անձանց եւ հաշմանդամներին:
Քենեդի կրտսերը X-ի գրառմամբ հաստատել է Թրամփի որոշումը, շնորհակալություն հայտնել իր թեկնածության առաջադրման համար եւ նշել․ «Ես հանձնառու եմ առաջ մղել Ամերիկան կրկին առողջ դարձնելու ձեր տեսլականը»:
«Միասին կմաքրենք կոռուպցիան, կկանգնեցնենք արդյունաբերության եւ կառավարության միջեւ պտտվող դուռը եւ մեր առողջապահական գործակալությունները կվերադարձնենք ոսկե ստանդարտներին՝ ապացույցների վրա հիմնված գիտության իրենց հարուստ ավանդույթին»,- գրել է Քենեդին:
CNN-ը, ինչպես ամերիկյան եւ եվրոպական շատ լրատվամիջոցներ, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը Քովիդ-19 համավարակի ժամանակ եղել է պատվաստումների ամենահայտնի հակառակորդներից մեկը, որը նաեւ կեղծ տեսություններ է տարածել պատվաստանյութերի անապահովության եւ անարդյունավետության մասին։
70-ամյա Քենեդին, որը սենատոր Ռոբերտ Քենեդիի որդին է եւ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին, 2023-ին ԱՄՆ նախագահի անկախ թեկնածուի ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձն Արցախ եւ աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։