Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն «հիմնազուրկ» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած այն հայտարարությունները, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում հարեւանների նկատմամբ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների համար հիմնական խոչընդոտն է ՀՀ Սահմանադրությունը, որը, Բաքվի բնութագրմամբ, հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ էլ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորումը։
Նշենք նաեւ, որ նախօրեին ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով խաղաղության բանակցությունների մասին Բաքվի նշյալ հայտարարություններին, ընդգծել էր, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային որեւէ պահանջ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ հայտարարելով, որ նման պահանջ իրականում առկա է հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ։ Փաշինյանի խոսքերով՝ Երեւանն այդ հանգամանքը բանակցային գործընթաց չի տեղափոխում նախ այն պատճառով, որ դա կարող է խոչընդոտել հենց բանակցային գործընթացը, եւ, երկրորդ, քանի որ խաղաղության պայմանագրում ամրագրված է, որ այն գերակա է լինելու երկու երկրների ներքին օրենսդրության նկատմամբ։
«Թեեւ Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է կատարում 1991 թվականի Ադրբեջանի Անկախության ակտին, որն էլ հղում ունի 1918 թվականի Անկախության հռչակագրին, եւ հաստատում, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920 թվականների նախորդ հանրապետության իրավահաջորդ է, այն որեւէ պահանջ չի պարունակում հարեւան երկրների նկատմամբ։ Երկու փաստաթղթերն էլ ընդգծում են ընդհանուր նորմերի, սկզբունքների եւ բարիդրացիական հարաբերությունների հարգման կարեւորությունը։ Ամենակարեւորը, 1918 թվականի Ադրբեջանի Անկախության հռչակագրի 3-րդ հոդվածը նշում է, որ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը վճռական է լավ հարաբերություններ հաստատել բոլոր ժողովուրդների, հատկապես հարեւան ժողովուրդների ու պետությունների հետ»,- գրել է Հաջիզադեն X-ի էջում:
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը շարունակում է պնդել իր ղեկավարության առաջ քաշած այն թեզերը, որ ընդհակառակը, հենց Հայաստանի Սահմանադրությունն է հղում կատարում 1990 թվականի Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ էլ, իր բնութագրմամբ, նպատակ է դրվում միավորելու Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, իսկ «Թուրքիայի որոշ տարածքներ անվանափոխում որպես Արեւմտյան Հայաստան»։