Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, որին Դոնալդ Թրամփը նշանակել է ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավար, նոյեմբերի 11-ին հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հետ, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու իրանցի պաշտոնյաների։
Հանդիպումը, ըստ NYT-ի, տեղի է ունեցել գաղտնի վայրում եւ տեւել է ավելի քան մեկ ժամ։ Պարբերականի զրուցակիցները նշում են, որ բանակցությունները վերաբերել են Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը թուլացնելուն առնչվող հարցերի՝ ընդհանուր հանդիպումը որակելով «դրական»։
NYT-ի աղբյուրներից մեկը պնդում է, որ հենց Մասկն է դիմել հանդիպման անցկացման խնդրանքով, իսկ Իրանի դեսպանն ընտրել է վայրը։ Իրանի արտգործնախարարության պաշտոնյան պնդում է, որ հանդիպման ժամանակ դեսպան Իրավանին Մասկին ասել է, որ նա պետք է ջանքեր գործադրի Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու եւ բիզնեսի մի մասը Թեհրան տեղափոխելու համար։
Թրամփի հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգը հրաժարվել է «կայացած կամ չկայացած մասնավոր հանդիպումների մասին հաղորդումները» մեկնաբանելուց:
Մասկը նույնպես մեկանաբանություններ չի տվել։
Թրամփի անցումային վարչակազմի խոսնակ Քերոլայն Լեւիթն ասել է, որ ամերիկացի ժողովուրդն ընտրել է Թրամփին, քանի որ «վստահում է նրան երկրի ղեկավարումը եւ ուժի միջոցով համաշխարհային խաղաղության վերականգնումը»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն էլ հայտարարել է, որ չի մեկնաբանի հանդիպումը: