Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երեւանը եւ Բաքուն շարունակում են խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքները, չնայած որ բանակցային գործընթացը ներկա պահին դադարեցված է։
«Մեկը ֆիզիկական հանդիպումներն են, եւ դա կարեւոր է: Ներկայում ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա։ Այդ իսկ պատճառով անհնար է մինչեւ դեկտեմբեր ֆիզիկական հանդիպումներ ունենալ։ Դեկտեմբերը կամ հունվարը [բանակցություններ սկսելու տեսակետից] այլ հարց է։ Այս մասին դեռ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Ֆիզիկական հանդիպումներից զատ, փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են, եւ այդ աշխատանքները դեռ չեն դադարել»,- ասել է Բայրամովը՝ պատասխանելով հարցին, թե կարող է խաղաղության պայմանագիրը ստորագրվել ընթացիկ տարվա ավարտին։
Հիշեցնենք, որ բանակցությունները դեկտեմբերին վերսկսելու հավանականության մասին օրերս հայտարարել էր նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Նոյեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ստացել է ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները։
Դեռեւս օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երեւանը օգոստոսի 30-ին խաղաղության պայամանագրի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ընդգծելով, որ հայկական կողմը առաջարկում է ամբողջացնել արդեն համաձայնեցված կետերը եւ ստորագրել պայմանագիրը, իսկ չհամաձայնեցված հատվածների քննարկումները թողնել հետագային։
Ադրբեջանական կողմն էլ բազմիցս է տարբեր մակարդակներով կատարված հայտարարություններում նշել, որ Հայաստանն իր ուղարկած վերջին առաջարկներին պատասխանել է շուրջ 70 օր անց, ինչը Բաքվին ստիպում է թերահավատորեն մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված Երեւանի քայլերի անկեղծությանը։ Բացի այդ՝ Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով նաեւ հստակեցրել է, որ կստորագրի միայն պայմանագրի ամբողջականորեն համաձայնեցված տեքստը։