Իսրայելը պատասխանատու է Գազայի հատվածում պաղեստինցիների զանգվածային բռնի տեղահանման, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար։ Այսպիսի եզրակացություն է կատարում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 14-ին հրապարակված զեկույցում։
Այն վերաբերում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ Իսրայելի պաշտպանության բանակը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հարավային շրջաններում իրականացրած լայնամասշտաբ հարձակմանն ի պատասխան։
HRW-ն նշում է, որ զեկույցի պատրաստման համար հարցազրույց է վերցրել 39 տեղահանված պաղեստինցիներից: Բացի այդ՝ հեղինակները վերանայել են պաղեստինցիներին ուղղված Իսրայելի տարհանման հրամանները, Գազայի հատվածում ավերածությունները փաստող արբանյակային պատկերները, ինչպես նաեւ անվտանգության գոտիների եւ տարհանման ուղիների վրա հարձակումների լուսանկարներն ու տեսանյութերը:
ՄԱԿ-ի 2024 թվականի հունվարի տվյալներով, որոնց վրա հիմնվել է նաեւ HRW-ն, Գազայի հատվածի 2,2 միլիոնանոց բնակչության գրեթե 90%-ը՝ 1,9 միլիոնը, բռնի տեղահանման է ենթարկվել։ Իրավապաշտպան կառույցն ընդգծում է, որ ուսումնասիրության ընթացքում չի գտել բավարար ռազմական պատճառներ, որոնք կարդարացնեին Գազայի հատվածի գրեթե ամբողջ բնակչության զանգվածային տեղահանումը, որը հաճախ կրկնվել է մի քանի անգամ։ Իրավապաշտպանների խոսքով՝ իսրայելական զինվորականների տված տարհանման հրամանները եղել են անհետեւողական, անհասկանալի, երբեմն հակասական եւ հաճախ բավարար ժամանակ չեն թողել կամ ընդհանրապես չեն հասել քաղաքացիական անձանց: Բացի այդ՝ նրանք հաշվի չեն առել հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց կարիքները, որոնք չեն կարողացել հեռանալ առանց օգնության։
Ընդհանուր առմամբ, տարհանման համակարգը, ըստ HRW-ի, չկարողացավ ապահովել, որ տեղահանված մարդիկ կարողանան անվտանգ տեղաշարժվել կամ տեղ հասնելուց հետո ապահով լինել։ Նշվում է, որ շատ հաճախ նման հրամանները ծառայել են համատարած վախ ու շփոթություն տարածելուն:
HRW-ն նաեւ նշում է, որ Իսրայելը պարտավոր էր ապահովել տարհանվածների վերադարձը իրենց տներ, սակայն փոխարենը Գազայի հատվածի տարածքներն անմարդաբնակ է թողել։ Իսրայելական զինուժը լրջորեն վնասել է բնակարանային եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ավերել է գոյատեւման համար այնպիսի կարեւոր ռեսուրսները, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, ջրի եւ էլեկտրաէներգիայի համակարգերը, փռերը եւ գյուղատնտեսական հողատարածքները:
Գազայի հատվածում ավերածություններն այնքան ծավալուն են, որ վկայում են բազմաթիվ մարդկանց իրենց բնակավայրերից մշտապես տեղահանելու մտադրությունների մասին, ասում են իրավապաշտպանները։
HRW-ն կոչ է անում մյուս կառավարություններին դատապարտել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում քաղաքացիական անձանց հարկադիր տեղահանման համար, ինչպես նաեւ նպատակային պատժամիջոցներ սահմանել ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված պաշտոնյաների նկատմամբ եւ դադարեցնել զենքի մատակարարումը իսրայելական բանակին:
Իսրայելը հերքում է HRW-ի զեկույցում ներկայացված մեղադրանքները։
«Ժամանակ առ ժամանակ Human Rights Watch-ի հռետորաբանությունը Գազայի հատվածում Իսրայելի վարքագծի վերաբերյալ ցույց է տվել, որ ամբողջովին կեղծ է եւ իրականությանը չի համապատասխանում»,- զեկույցի հրապարակումից հետո ասել է ԱԳՆ խոսնակ Օրեն Մարմորշտեյնը: Նրա խոսքով՝ Իսրայելի ջանքերն ուղղված են բացառապես ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հնարավորությունների ոչնչացմանը։