Մոսկվան կսպասի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Կոմերսանտ»-ի հարցին Աբու Դաբիում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Մենք պարբերաբար ընդգծում ենք, երբ մեզ հարցնում են այս մասին, որ ամեն դեպքում ուշադրության է արժանի այն քաղաքական գործիչը, ով ասում է, որ ինքը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կողմնակից է»,- ասաց նա։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել էր «առավել ջանասիրաբար աշխատել» Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում ընթացող հակամարտությունները լուծելու համար։ Այդ մասին նա հայտարարել էր «Ամերիկայի առաջին տեղում» քաղաքական ինստիտուտի» հանդիսավոր բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հինգշաբթի Ֆլորիդայի Մար—ա—Լագոյում:
Ըստ ԱՄՆ նորընտիր նախագահի՝ այս հակամարտություններին «պետք է վերջ դրվի»։ «Ես հաղորդումներ տեսա, որ երեք օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են սպանվել, որոնք զինվորներ են եղել։ Բայց լինեն զինվորներ, թե քաղաքներում բնակվող մարդիկ, մենք աշխատելու ենք դրա վրա»,- վստահեցրել է Թրամփը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ ընտրություններում հաղթելու դեպքում կլուծի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող հակամարտությունը նույնիսկ մինչ իր երդմնակալությունը՝ 2025 թվականի հունվարի 20-ը։
Նոյեմբերի 11-ին նրա նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լեւիթը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ հաղթանակը Թրամփին թույլ կտա բանակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության շուրջ։ «Սա նաեւ նշանակում է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը կբերվեն բանակցությունների սեղանի շուրջ առաջին իսկ օրը՝ դադարեցնելու այս պատերազմը», — ասաց նա։