Նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայում ընթացող հակամարտությունը։ Սա 2022 թվականի դեկտեմբերից հետո երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն էր։
Ընդգծենք, որ Գերմանիան ԱՄՆ—ից հետո Ուկրաինային պատերազմի ընթացքում ռազմական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերած մասշտաբներով երկրորդ երկիրն է։
Պուտինի եւ Շոլցի հեռախսազրույցի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, թե որքան խորն է շարունակում մնալ Ուկրաինայի շուրջ կողմերի միջեւ առկա տարակարծությունը։
Գերմանական կողմի փոխանցմամբ` Օլաֆ Շոլցը «դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը» եւ Պուտինին կոչ արել դադարեցնել այն եւ օկուպացրած տարածքներից դուրս բերել զորքերը։
«Նա պնդել է, որ Մոսկվան պետք է պատրաստ լինի Ուկրաինայի հետ բանակցություններին, որոնք ենթադրում են արդար եւ կայուն խաղաղության հաստատում։ Նա ընդգծել է Գերմանիայի անսասան վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասվում է գերմանական կողմի հաղորդագրության մեջ։
Նաեւ նշվում է, որ Պուտինին զանգահարելուց առաջ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Հեռախոսազրույցից հետո Զելենսկին քննադատել էր Գերմանիայի կանցլերի նախաձեռնությունը՝ նշելով, որ դա հենց այն է, ինչ Պուտինը ցանկանում է, քանի որ նրա համար «չափազանց կարեւոր է թուլացնել իր մեկուսացումը, Ռուսաստանի մեկուսացումը եւ սովորական բանակցություններ վարել, որոնք ոչնչով չեն ավարտվի, ինչպես նա արել է տասնամյակներ շարունակ»։
Կրեմլի փոխանցմամբ էլ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Շոլցին «հիշեցրել է, որ ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ—ի ագրեսիվ քաղաքականության հետեւանքն է, որը հակառուսական պլացդարմ (հենակետ) է ստեղծել Ուկրաինայի տարածքում»։
Հաղորդագրության համաձայն` Պուտինը նշել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել բանակցություններից եւ հայտարարել, որ «ապագա պայմանավորվածությունները պետք է հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա»։
ՌԴ նախագահը Գերմանիայի կանցլերի հետ զրույցում երկկողմ հարաբերությունների աննախադեպ «դեգրադացման» համար մեղադրել է գերմանական իշխանություններին՝ նրանց որդեգրած ոչ բարեկամական կուրսի համար։
«Նա (Պուտինը) ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ կատարել է իր էներգետիկ պարտավորությունները եւ պատրաստ է համագործակցության, եթե Բեռլինը հետաքրքրություն ցուցաբերի այդ հարցում»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության եզրափակիչ հատվածում։