ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիեւին թույլատրել է օգտագործել իր տրամադրության տակ գտնվող ATACMS հեռահար հրթիռները՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում ընթացող գործողություններին մասնակցող Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ ATACMS-ի օգտագործումը «ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն» է, որի վերաբերյալ որոշումը Սպիտակ տունը կատարել է ի պատասխան Կուրսկի մարզում հյուսիսկորեական զորքերի տեղակայման։
Զրուցակիցների կարծիքով Ռուսաստանի տարածքում ATACMS հրթիռներով հարվածներ հասցնելու համար ուկրաինական բանակին տրված թույլտվությունը պետք է ազդանշան ուղարկի Հյուսիսային Կորեային այն մասին, որ Կուրսկի մարզում իր զինվորականները խոցելի վիճակում են, եւ որ Ռուսաստանին օգնելու համար չպետք է հետագայում ավելի շատ զինվորականների ուղարկել այնտեղ։
Միեւնույն ժամանակ New York Times-ի աղբյուրները չեն ակնկալում, որ ATACMS-ի կիրառման հարցում ԱՄՆ քաղաքականության նման փոփոխությունը արմատական ազդեցություն կարող է ունենալ պատերազմի ընթացքի վրա։
Պարբերականը նաեւ նշում է, որ Բայդենի վարչակազմի խորհրդականնրի կարծիքները տարբեր են Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռների կիրառման հարցում։ Նրանք նաեւ նշել են, որ թեեւ առայժմ խոսքը միայն Կուրսկի մարզում տեղակայված թիրախները խոցելու համար նշյալ հրթիռների կիրառման մասին է, սակայն բացառաված չէ, որ ապագայում Բայդենը կարող է նաեւ Ուկրաինային թույլատրել դրանք օգտագործել այլ վայրերում։
Reuters-ը նույնպես հաստատում է այս տեղեկությունները եւ գրում, որ ուկրաինացի զինվորականները ATACMS հրթիռները կսկսեն օգտագործել առաջիկա օրերին։
Գործակալությունը նաեւ նշում է, որ հայտնի չէ, թե արդյոք նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո կարգելի Բայդենի այս որոշումը։
Le Figaro-ն էլ գրում է, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան նույնպես Ուկրաինային թույլատրել են օգտագործել իրենց տրամադրած հեռահար SCALP եւ Storm Shadow հրթիռները՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկար ժամանակ է, ինչ արեւմտյան դաշնակիցներից փորձում է ստանալ Ռուսաստանի տարածքի խորքերում տեղակայված թիրախներին հեռահար հրթիռներով հարվածներ հասցնելու թույլտվությունը։