Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել։ Այս մասին գրում է «Արմենպրեսը»՝ նշելով, որ տեղեկությունը հաստատել են կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նշենք, որ Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականից, մինչ այդ՝ 2018 թվականից, նա զբաղեցրել էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը։
Քիչ առաջ իր հրաժարականի մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Նշենք, որ նախօրեին մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին մի շարք պաշտոնանկությունների մասին։ Մասնավորապես հաղորդվում է, որ աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Կառավարությունը դեռ չի արձագանքել այդ հրապարակումներին։
«Արմենպրեսը» հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ի նիստում դժգոհություն էր հայտնել իրավապահ մարմինների եւ դատական համակարգի աշխատանքից՝ նշելով, որ իր համբերության բաժակը լցվել է, եւ որոշումներ է կայացնելու։