Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ հաստատել է երկրի մի շարք գերատեսչությունների ղեկավարների պաշտոնանկության մասին շրջանառվող տեղեկությունները։
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»,- գրել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային են։
«Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»,- եզրափակում է գրառումը։
Նշենք, որ քիչ առաջ իր հրաժարականի մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ Որոշ ժամանակ անց լրատվամիջոցները գրեցին նաեւ, որ ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նշենք, որ նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին մի շարք հավանական պաշտոնանկությունների մասին։ Մասնավորապես հաղորդվել էր, որ աշխատանքից ազատվել կամ առաջիկայում պաշտոնները կլքեն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը, ինչպես նաեւ Սասուն Խաչատրյանը։