Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է նոյեմբերի 18-ին Ռիո դե Ժանեյրոյում G20-ի ղեկավարների սպասվող հանդիպմանը ներկայացնելու ռուս-ուկրաինական պատերազմը ներկա պայմաններում սառեցնելու իր առաջարկը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքերով՝ Էրդողանի առաջարկը նախատեսում է հետաձգել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության քննարկումը առնվազն 10 տարով՝ «որպես Պուտինին կատարվող զիջում»։ Բացի այդ՝ Թուրքիայի նախագահը առաջարկում է նաեւ ապառազմականացված գոտի ստեղծել Դոնբասի արեւելքում եւ այնտեղ միջազգային զորքեր տեղակայել «որպես լրացուցիչ երաշխիք»։
Որպես ՆԱՏՕ-ի անդամ չդառնալու փոխհատուցում, ըստ Bloomberg-ի աղբյուրների, Էրդողանն առաջարկում է Ուկրաինային ապահովել ռազմական մատակարարումներով։
Թուրք պաշտոնյաները պարբերականի հետ զրույցում նշել են, որ Ուկրաինայի համար նման առաջարկն ընդունելը դժվար կլինի, սակայն, նրանց կարծիքով, «սա ամենաիրատեսական մոտեցումն է»։ Bloomberg-ը գրում է, որ թուրք պաշտոնյաները «կցանկանային մի կողմ թողնել օկուպացված տարածքների երկարաժամկետ ճակատագրի շուրջ քննարկումները եւ կենտրոնանալ կայուն հրադադարի ապահովման վրա»։
Էրդողանը հուսով է, որ կարող է համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մասնակցել Ստամբուլում կայանալիք բանակցություններին, քանի որ աղբյուրների պնդմամբ Թուրքիայի նախագահը «հետախուզական տեղեկություններ է ստացել, որոնք ցույց են տալիս, որ Ուկրաինան կարող է ավելի շատ տարածքներ կորցնել առաջիկա ամիսներին, եթե մարտերը չդադարեցվեն»:
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-19-ը։ G20-ի անդամ են թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Թուրքիան։
Ուկրաինայի նախագահը չի մասնակցի գագաթնաժողովին, քանի որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան «անտեսել է հրավեր ստանալու Զելենսկու ավելի ու ավելի հուսահատ խնդրանքները»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի պատրաստվում ուղեւորվելու Ռիո դե Ժանեյրո՝ գագաթնաժողովի աշխատանքներին չխանգարելու նկատառումներով։
Վերջերս Ուկրաինայի դաշնակիցներն ակտիվացրել են ջանքերը՝ հակամարտության կողմերին բանակցությունների սեղանին նստեցնելու համար։ Նոյեմբերի 15-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկու տարվա ընդմիջումից հետո առաջին հեռախոսազրույցն ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ կարող է խոսել Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, երբ դրա համար նպաստավոր «համատեքստ» լինի։ Մակրոնը կարծում է, որ Պուտինը «խաղաղություն չի ուզում» եւ պատրաստ չէ դրա շուրջ բանակցելու։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ նոյեմբերի 16-ին Suspilna-ին տված հարցազրույցում ասել էր, որ ուկրաինական իշխանությունները «պետք է ամեն ինչ անեն», որպեսզի պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտվի 2025 թվականին։